Կարևոր իրադարձություններ

Մասնագետներն ահազանգում են. Թուրքիայից ապօրինի կերպով է լոլիկը ներկրվել

26 Ապրիլ, 2017 12:55
Մասնագետներն ահազանգում են. Թուրքիայից ապօրինի կերպով է լոլիկը ներկրվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն անդրադարձավ Թուրքիայից և Ադրբեջանից ներկրվող մթերքների մասին տարածված լուրերին:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ պետք է խիստ զգուշավոր լինենք Հայաստան ներկրվող մթերքների հարցում: Նա հիշեցնում է՝ տարիներ առաջ Ադրբեջանից Հայաստան էր ներկրվել նուռ, որում առկա են եղել թունավոր նյութեր, որոնք օգտագործվում են միջատների դեմ և նռան մեջ օգտագործվել են իբրև թե մրգի թարմությունը պահպանելու նպատակով:

«Մենք շրջապատված ենք հարևաններով, որոնց հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Հետևաբար մաքսային ծառայությունները պետք է շատ զգոն լինեն ներկրվող մթերքների անվտանգության հարցում»:

Հակոբյանը նշում է՝ թուրքականը կարմիր է, հայկականը՝ ավելի բաց գույնի, այսինքն, թուրքական լոլիկում առկա են գունանյութեր, որոնց վնասակարության մասին մեզ ոչինչ հայտնի չէ:

«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ նկատում է՝ մենք ներկայացնում ենք շուկայական տնտեսություն և պետության դերը շատ փոքր է ներկրմանը միջամտելու հարցերում:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանն ընդգծում է՝ կառավարության կողմից որոշում չկա, որ Թուրքիայից պետք է ներկրվի մթերք, հետևաբար այն ներկրվել է անօրինական ճանապարհով:

Աճեմյանը հավելում է, որ ուսումնասիրված հինգ պատրաստուկներից միայն մեկն է թույլատրվում օգտագործել լոլիկի հիվանդությունների դեմ, իսկ մնացած չորսն արգելված են: Նա հավելում է, որ նման նյութերի օգտագործմամն աճեցված մթերքները սուր թունավորումներ չեն առաջացնում, այլ քրոնիկ կերպով են ազդում օրգանիզմի վրա:

Բանախոսները նշեցին, որ դեմ են Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններին: Նրանցից մեկն ասաց. «Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, ամեն ինչ էլ կարող ենք նրանցից ներկրել՝ ասեղից մինչև ինքնաթիռ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին