Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

25 Ապրիլ, 2017 15:32
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուրրիոլաբեիտիայի հետ:

Ողջունելով դեսպանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման հեռանկարներն ու ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում առկա են երկկողմ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ: 
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը և իր լիազորության շրջանակում բաց ու պատրաստակամ է աջակցել երկկողմ կապերի ակտիվացմանը: Այս առումով ակնկալում ենք, որ դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցային ծրագրերը գործնական ընթացք կստանան: Պարոն դեսպան, այս հարցում, կարևորում ենք նաև Ձեր և Արգենտիանյում ՀՀ դեսպանի դերը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հատկանշել է համագործակցության ընդլայնման հարցում քաղաքապետի ցուցաբերած մշտական պատրաստակամությունն ու աջակցությունը և իր հերթին փոխադարձաբար ընդգծել դեսպանության պատրաստակամությունը:
«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանում գտնվելն ինձ համար իսկապես հաճելի է, քանի որ իմ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում շատ փոփոխություններ եմ նկատել և ամեն անգամ ավելի եմ սիրահարվում Երևանին: Հաշվի առնելով, որ մշտապես զգացել ենք Երևանի քաղաքապետարանի և անձամբ Ձեր աջակցությունը՝ դեսպանատան կողմից իրականացվող նախաձեռնություններին, համոզված եմ, որ այս տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ նախատեսվող մշակութային ծրագրերի հարցում ևս կունենաք այդ աջակցությունը», - նշել է դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան և ստացել Երևանի քաղաքապետի աջակցության պատրաստակամությունը: 
Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետն ու Արգենտիայի դեսպանը քննարկել են նաև Երևանի և արգենտինական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին