Կարևոր իրադարձություններ

«Սա պառլամենտի նիստը չէ, ելույթների ժամը չէ». Գագիկ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին

25 Ապրիլ, 2017 10:53
«Սա պառլամենտի նիստը չէ, ելույթների ժամը չէ». Գագիկ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին

Այսօր՝ ապրիլի 25-ին, Սահմանադրական դատարանը քննում է Կոնգրես- ՀԺԿ դաշինքի 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներ անվավեր ճանաչելու մասին դիմումը: «Այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում: 2012թ. այս դահլիճում ես ներկայացնում էի ՀԱԿ ընտրական դաշինքի դիմումը՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու հարցով: 5 տարի անց մենք նորից գտնվում ենք այս դահլիճում նույնաբովանդակ հարցով»,- այսպես սկսեց իր խոսքը Սահմանադրական դատարանում ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը:

«Պարբերաբար Հայաստանում անցկացվում են ընտրություններ, որոնք դառնում են ժողովրդի ազատ կամարտահայտման և իշխանության ապօրինի վերարտադրման միջոց: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, ընդդիմությունը դիմում է Սահմանադրական դատարան և ամեն անգամ ՍԴ-ն գտնում է, բոլոր արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների վրա կամ էլ մտացածին պատրվակներով ընդհարապես չեն քննվել ներկայացված ապացույցները և փաստարկները: Արդյունքում ժողովուրդը կորցնում է հավատը ընտրությունների նկատմամբ՝ համարելով, որ չունի ընտրված իշխանություն, այլ մի իշխանություն, որն ինքն իրեն ապօրինաբար պարտադրել է երկրին՝ խախտելով Սահմանդրությունը և ժողովրդավարության նորմերը»,-շարունակեց Զուրաբյանը, սակայն նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Ես ստիպված եմ ընդհատել Ձեզ: Դուք դիմել եք Սահմանադրական դատարան կոնկրետ գործի քննության համար: Սա պառլամենտի նիստը չէ, ելույթների ժամը չէ, որ Դուք էլ քաղաքական ելույթներ ունենաք: Օրենք էլ արգելում է դա և գնատահատականներ տալը Սահմանադրական դատարանին, թե մտացածին հիմնավորումներով որոշումներ է կայացնում: Դատարանի որոշումը համարժեք է այն փաստարկներին, որոնք ներկայացվում են ՍԴ»:

Գագիկ Հարությունյանը հորդորեց խոսել իրենց դիմումի մասին՝ հիմնավորելով այն փաստերը, որոնք ներկայացվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին