Կարևոր իրադարձություններ

«Ջահել հայրենասեր տղաներ և աղջիկներ են դրոշ վառողները, թող տարին մեկ անգամ էլ այդ յուրահատուկ ֆլեշմոբով իրենց ցասումն ու ազնիվ հուզմունքներն արտահայտեն»

24 Ապրիլ, 2017 17:59
Հեղինակ՝ Տիգրան Հակոբյան
«Ջահել հայրենասեր տղաներ և աղջիկներ են դրոշ վառողները, թող տարին մեկ անգամ էլ այդ յուրահատուկ ֆլեշմոբով իրենց ցասումն ու ազնիվ հուզմունքներն արտահայտեն»

Դրոշ այրելը թուլության կամ ուժի նշան չի, ոչ թուրքերին ու նրանց երկրին է վնաս հասցնում, ոչ էլ մեզ է քաղաքական կամ բարոյական դիվիդենտներ բերում: Ոչ էլ հերոսություն կա դրա մեջ, մեր հերոսներն այսօր սանմանին են կանգնած…
Ջահել հայրենասեր տղաներ եւ աղջիկներ են դրոշ վառողները, թող տարին մեկ անգամ էլ այդ յուրահատուկ ֆլեշմոբով իրենց ցասումն ու ազնիվ հուզմունքներն արտահայտեն: 
Այստեղ այլ խնդիր է ինձ անհանգստացնում: Պետական դրոշը տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանիշն է, պարծանքը, հպարտությունը, սրբությունը: Կամ այդպիսին պետք է լինի: Անկախ նրանից այդ պետությունը լավն է թե վատը, մեզ թշնամի է, թե բարեկամ, այդ երկրի իշխանությունները հանցավոր են թե իդեալական: Անկախ նրանից, թե այդ պետության գլխին շողուլից ընկած բռնապետ է կանգնած, թե ժողովրդավար ղեկավար: Անկախ այդ պետության անցյալում կատարած հանցագործություններից:
Կարծում եմ, Թուրքիայի դրոշն այրելով մենք վիրավորանք ենք հասցնում առաջին հերթին Թուրքիայի տասնյակ հազարավոր այն քաղաքացիներին, որոնք խորը գիտակցում են իրենց ազգի եւ պետության պատմական մեղքը: Որոնք դուրս էին գալիս Ստամբուլի ու Անկարայի փողոցներ <<Ես Հրանտ Դինք եմ>> կարգախոսներով: Որոնք երկու օր առաջ նստած էին Գալաթասարայ հրապարակում 1915 թ. սպանված հայ մտավորականների լուսանկարներով: Այն լրագրողների եւ մտավորականների, որոնք քրեական հետապնդման էին ենթարկվում նույնիսկ Ցեղասպանություն բառը օգտագործելու համար, որոնք Ապրիլի 24-ին եկել էին Երեւան եւ բարձրացել էին Ծիծեռնակաբերդ… 
Իմ երկրի դրոշն այրողը իմ թշնամին է դարնում, անկախ նրանից, թե ինչու եւ որտեղ է այրում: Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում իմ երկրի իշխանություններին, կամ պատմությանը: Նույն զգացմունքները կարող են ունենալ նաեւ այդ տասնյակ հազարավոր Թուրքիայի քաղաքացիները, որոնց նշեցի: Դրոշ այրելով նաեւ այրում ենք այդ քաղաքացիերի հետ շփման, իրենց գործունեությունը քաջալերող կամուրջները: Ուզում եմ հավատալ, որ նրանք են ապագա Թուրքիայի կերտողներն են, այն Թուրքիայի, որը կգիտակցի իր պատմական մեղքը եւ ծնկաչոք ներողություն կխնդրի հայությունից: 
Ասածս ինչ է: Տարին մի անգամ էլի թող դրոշ այրեն: Բայց մի գուցե պետք չի դարձնել այդ արարողությունը այս օրերի ամենակարեւոր տեսասյուժեն, անվերջ <<պտտել>> եթերներում, դրանով պետական քաղաքականության բաղադրիչ դարձնել: Փորձենք տարանջատել հուզմունքն ու Հայաստանի շահերից բխող տեղեկատվական հոսքերը: 
Կամ մի գուցե կարելի է փոխել այրելու օբյեկտը: Այրել ոչ թե պետական դրոշը, բայց ոճրագործության այլ խորհրդանիշ: 
 Այս ամենի շուրջ է հարկավոր մտածել, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծել դրոշ այրողների կողմնակիցների եւ քննադատողների միջեւ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին