Ախալքալաքում ապրիլի 22-ին կատարվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու ավտոմեքենաների միտումնավոր հրկիզման փորձ։ Մեքենաները կայանված են եղել պատգամավորի տան առջև։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Պատգամավորը jnews.ge-ի հետ զրույցում հաստատել է հրկիզման փաստը։
«Շատ տարբեր կասկածներ կան, սակայն ես կարող եմ վստահեցնել, որ տեղի ունեցածը կապ չունի իմ ձեռնարկատիրական գործունեության հետ, դա կապված է իմ քաղաքական գործունեության հետ։ Տեսնենք, թե ինչպես կաշխատի ոստիկանությունը, ինչ կկարողանա պարզել»,-ասել է Սամվել Մանուկյանը։
Պատգամավորի հարևանը պատահաբար նկատել է, թե ինչպես է ոմն մեկը բենզին լցրել մեքենաների վրա ու կրակի մատնել։ Երբ հարևանը բացել է դուռը՝ հրկիզողը փախչել է՝ հանցանքի վայրում թողնելով իրեղեն ապացույցներ։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածով, այն է՝ գույքին միտումնավոր վնաս հասցնելը։
Մինչ հրշեջ մեքենայի ժամանումը, տեղում ներկա գտնվածները մարել են կրակը։ Մեքենաներից մեկի կրակն արագ մարվել է, սակայն երկրորդ մեքենան բավականին լուրջ տուժել է հրդեհից։