Կարևոր իրադարձություններ

«Պետք չէ սպասել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի շահերն առաջ կմղի»

22 Ապրիլ, 2017 14:22
«Պետք չէ սպասել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի շահերն առաջ կմղի»

2017 թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպություն) գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կործիքով պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, քանի որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը չի կարող միայն իր երկրի շահերն առաջ տանել: «Դա պաշտոն է միջազգային կազմկերպությունում և նա չի կարող առաջ մղել միայն հայկական շահերը: Նա պետք է անի ամեն ինչ, որ կազմակերպությունը հզորանա, արտահայտի կազմակերպության անդամ-երկրների հավաքական կարծիքը: Քաղաքական որոշումների ընդունումը կայացվում է այդ պետությունների նախագահների մակարդակով: Պետք չէ սպասել, որ գլխավոր քարտուղարը Հայաստանի շահերն առաջ կմղի կազմակերպությունում՝ ի հակառակ այլ պետությունների»,- Shabat.am-ի հետ զրույցում նշեց  քաղաքագետը:

Միաժամանակ նա ընդգծում է, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումն ունի որոշակի դրական ազդեցություն. «Դրական է, որ ի վերջո Հայաստանի կողմից առաջադրված թեկնածուն նշանակվեց: Երկար ժամանակ այդ նշանակումը տեղի չէր ունենում, ինչը զարմանք էր առաջացնում և՛ քաղաքական, և՛ փորձագիտական դաշտերում: Մյուս կողմից էլ Հայաստանի կողմից նշանակված անձն ավելի լավատեղյակ է մեր տարածաշրջանի զարգացումներից, հետևաբար, եթե, օրինակ, հարձակում լինի Հայաստանի դեմ նա գոնե ավելի շուտ կբարձրաձայնի այդ մասին, օբյեկտիվ տեղեկատվություն կփոխանցի ՀԱՊԿ-ի մյուս անդամներին»:

Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչի նշանակման ձգձգմանը, քաղաքագետը նշեց, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակման գործընթացը կասեցվում էր Բելառուսի կողմից: «Ակնհայտ է, որ Ռուսաստանն առարկություններ չուներ Խաչատուրովի նշանակման հարցում և վերջինիս թեկնածությունը նրան բավարարում էր: Սակայն առարկություններ կային Բելառուսի կողմից: Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չմասնակցեց գագաթաժողովին: Նախ և առաջ Բելառուսը քայլեր էր անում Ադրբեջանին հաճոյանալու համար: Երկրորդ և ավելի կարևոր պատճառն այն էր, որ Բելառուսը դժգոհ էր ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի քաղաքականությունից: Արդյունքում Խաչատուրովի նշանակման հարցը լուծվեց այն ժամանակ, երբ լուծվեցին ռուս-բելառուսական գազի գների, Ռուսաստանի տարածքով նրանց ապրանքների տրանզիտի հարցերը»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը անդամ-պետությունները ստանձնում են հերթով՝ ռոտացիոն կարգով:

 

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին