Կարևոր իրադարձություններ

«Ես ու իմ թիմը պատրաստել ենք Երևանի զարգացման նոր ծրագիր, որը կապահովի մեր քաղաքի հետագա առաջընթացը». Տարոն Մարգարյանը՝ էրեբունցիներին (տեսանյութ, լուսանկարներ)

22 Ապրիլ, 2017 13:57
«Ես ու իմ թիմը պատրաստել ենք Երևանի զարգացման նոր ծրագիր, որը կապահովի մեր քաղաքի հետագա առաջընթացը». Տարոն Մարգարյանը՝ էրեբունցիներին (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով, տվել է Էրեբունի վարչական շրջանից: Ընտրողների հետ մեկնարկային հանդիպման ժամանակ, որը կայացել է Էրեբունու Ազատամարտիկների այգում, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին համատեղ արդյունավետ աշխատանքի ու Երևանի զարգացման ծրագրերին նրանց անմիջական մասնակցության համար:

«Նախորդ ընտրություններից անցել է 4 տարի և այդ ընթացքում ես և իմ թիմը, մեր առօրյա աշխատանքով, ամեն օր մշտական կապի մեջ ենք եղել ձեզ հետ, փորձել ենք թեթևացնել մեր բնակիչների հոգսերը: Չենք սպասել, որ 4 տարին անցնի, հետո նոր միայն գանք հանդիպենք ու միայն այդ ժամանակ լսենք ձեր բարձրացրած հարցերը, կամ էլ ընդամենը հաշվետվություն ներկայացնենք, թե ինչ ենք արել անցած 4 տարիների ընթացքում: Այն, ինչ արվել է, եղել է ձե՛ր աչքի առաջ, շատ դեպքերում նաև ձե՛ր անմիջական մասնակցությամբ, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ: Եվ այդ 4 տարիների ընթացքում մենք արեցինք հնարավորը՝ մեր հին քաղաքին նոր զարգացում ապահովելու, Երևանն ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ դարձնելու համար: Ամենօրյա ռեժիմով այդ աշխատանքն ու ձեզ հետ մշտական կապը հաշվի առնելով, ես այսօր կարող եմ վստահաբար ասել, որ այդ 4 տարիների ամեն օրն է եղել յուրովի հաշվետվություն մեր բնակիչներին, ձե՛զ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով չորս տարի առաջ մայրաքաղաքի բնակիչներին ներկայացված «Ավելի լավ Երևան» ունենալու ծրագրին՝ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նկատել է, որ հենց երևանցիների վստահության շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ընդգրկված էին նախընտրական ծրագրում:

«Սիրելի բնակիչներ, դու՛ք մեզ վստահեցիք մեր քաղաքի հոգսերի և ձեր խնդիրների լուծումն ու մեր ընդհանուր ապագան: Այս տարիներն, իհարկե, լի էին քրտնաջան աշխատանքով, եռուզեռով, նոր ծրագրերով և զարգացումով: Եվ ձեր աջակցությամբ մենք կարողացանք Երևանը դարձնել առավել ժամանակակից, իր բնակիչների համար շատ ավելի մտերիմ ու հարազատ, ավելի ջերմ և զարգացած քաղաք: Մանկապարտեզներ գնացող տասնյակ հազարավոր երեխաներ, լուսավոր փողոցներով զբոսնող մարդիկ, մայրաքաղաքի պուրակներում և այգիներում կանաչող նորատունկ ծառեր ու ծաղիկներ, բարեկարգ մուտքեր ու բակեր, արդիական ճանապարհներ. այս ամենն արդեն իրականություն է և մեր Երևանի անբաժանելի մի մասն է այլևս: Եվ այսօր պարզ ճակատով ասում եմ՝ այո՛, մենք ունե՛նք ավելի լավ Երևան, մայրաքաղաք, որն իրոք մեր սրտերում է, մեր կյանքի ուղեկիցն է, մեր տունն է ու մեր հպարտությունն է», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում էրեբունցիների հետ նախատեսված մյուս հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև Երևանում դեռևս լուծումներ պահանջող խնդիրներին՝ նկատելով, որ դրանց հիմնական մասը տասնամյակների կուտակված հարցեր են, որոնք ի զորու է լուծել փորձառու այն թիմը, որն այսօր ի դեմս Երևանի գործող քաղաքապետի, ներկայանում է երևանցիներին:

 «Ինչպես ամեն մի օջախ, ամեն մի տուն և վայր, Երևանը նույնպես ունի իր դեռևս չլուծված խնդիրները: Եվ ես ու իմ թիմը պատրաստել ենք Երևանի զարգացման նոր ծրագիր, որը կապահովի մեր քաղաքի հետագա առաջընթացը, մեր բնակիչների դեռևս չլուծված խնդիրներին կտա արժանահավատ և իրատեսական լուծումներ: Ու ես վստա՛հ եմ, որ 2800 տարեկան մեր քաղաքը լավատեսությամբ է նայելու իր ապագային, որովհետև յուրաքանչյուր երևանցի, յուրաքանչյուր հայ պատրաստ է ապրել և աշխատել հանու՛ն Երևանի, հանուն բարեկարգ և կանաչ, կիրթ և առողջ, ժամանակակից և լուսավոր, մատչելի և հոգատար, մրցունակ և հյուրընկալ Երևանի: Ու դրա համար ակնկալում եմ, որ կրկին կվստահեք մեզ, այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքը տեսել եք, որոնց հետ կիսել եք ձեր հոգսերը, ովքեր մի՛շտ եղել են ձեր կողքին, ձեզանից մեկն ու ձեզ հետ միասին են կերտել մեր մայրաքաղաքի նորագույն պատմությունը: Ընտրե՛նք հանուն Երևանի, աշխատե՛նք հանուն երևանցու»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին