Կարևոր իրադարձություններ

«Ովքե՞ր են Իրանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուները»

22 Ապրիլ, 2017 13:53
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Ովքե՞ր են Իրանի նախագահական ընտրությունների վեց թեկնածուները»

Քանի որ արդեն հայտնի են Իրանում մոտ մեկ ամիս հետո կայանալիք նախագահական ընտրությունների մասնակից վեց թեկնածուները, ապա հաշվի առնելով մեր հարավային հարևանի էթնիկ-դավանական և լեզվական առանձնահատկությունները, կարծում եմ՝ կարևոր կլինի հասկանալ, թե ինչ ծագում ունեն և որտեղից են սերում մերձավորարևելյան այս գերտերության նման բարձր պաշտոն ստանձնելու հավակնություն ունեցողները:

Գործող նախագահ Հասան Ռուհանին ծագումով Սեմնան նահանգի Սորխեի շրջանից է, որտեղ խոսվում է ոչ պարսկական պայմանականորեն «պարթևական» բնույթի իրանական բարբառ:

Գործող փոխնախագահ Էսհաղ Ջահանագիրի Քուհշահին, դատելով հենց ազգանվան երկրորդ բաղադրիչից, սերում է ًՔերման նահանգի Քուհշահի շրջանից, որտեղ խոսվում են «պարսկական» տիպի հնավանդ բարբառներ:

Մոսթաֆա Աղա Միրսալիմը ծնվել է Թեհրանում, հավանաբար բնիկ թեհրանցի է և քանի որ սեյիդ է, ապա ըստ ավանդության՝ սերում է կամ ուղղակի Մուհամմադ մարգարեի կամ տասներկու իմամների ընտանիքներից մեկից:

Էբրահիմ Ռայիսին (Ռաիս ալ-Սադաթ) սերում է Խորասանի կենտրոն Մաշհադ քաղաքի Նովղան թաղամասից: Լինելով սեյիդ, ըստ ավանդության՝ սերում է կամ ուղղակի Մուհամմադ մարգարեի կամ տասներկու իմամների տոհմերից մեկից: Նովղանը պատմական ավան էր՝ հռչակավոր այստեղ գտնվող շիայական ութերորդ իմամ Ռեզայի դամբարանով, որի շուրջ էլ հետագայում գոյացավ Մաշհադ քաղաքը: Մեծ իմաստով Խորասանը նոր պարսկերենի հայրենիքն է:

Թեհրանի այժմյան քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծագումով կրկին խորասանցի է, ծնվել է քուրդ հորից և պարսկուհի մորից Մաշհադ քաղաքում: Խորասանյան քրդերին այս տարածաշրջան են տեղափոխել իրանական արքաները նաև Արևմտյան Հայաստանի տարածքից: Նման խոշոր քրդական ցեղամիավորումներից է չեմիշգեզեքը, որը պատմականորեն բնակվել է Չմշկածագի շրջանում:

Մոսթաֆա Հաշեմիթաբան ծնվել է Սպահանում, քանի որ հաշեմիական սեյիդ է, ապա ըստ ավանդության՝ սերում է կամ շիայական երկրորդ իմամ Հասանի կամ երրորդ իմամ Հուսեյնի տոհմից: Սպահանում և շրջակա բնակավայրերում ժամանակին խոսում էին պայմանականորեն «մարական» բնույթի իրանական բարբառներով, սակայն հետագայում պարսկերենը քաղաքում դուրս է մղել տեղական բնիկ խոսվածքները:

#մերհարևանԻրանը

 

Լրահոս

Դիտել ավելին