Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Ցեղասպանությանը համաշխարհային ճանաչում տված մեծությունների TOP 10

22 Ապրիլ, 2017 22:15
Ցեղասպանությանը համաշխարհային ճանաչում տված մեծությունների TOP 10

 Ցեղասպանության տարելիցին ընդառաջ արժե վերհիշել այն մեծ անհատներին, ովքեր վերջին շրջանում ամենաշատն են նպաստել հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ այսպես.

 

1.Քըրք Քըրքորյան

Հայ մեծ բարերարը կարողացավ նույնիսկ իր մահից հետո մեծ նպաստ բերել հայոց ցեղասպանության ճանաչման գործին՝ իր ժառանգությամբ ֆինանսավորելով «Խոստում» ֆիլմը: Նրա նախաձեռնությամբ Թերի Ջորջը նկարահանեց մի ֆիլմ, որի գովազդմանը մասնակցեցին համաշխարհային բազմաթիվ մեգաաստղեր: Ֆիլմը դեռ չի ցուցադրվել լայն լսարանին, բայց արդեն կարողացել է մեծ իրարանցում առաջացնել ողջ աշխարհում և հերթական լարումն ապահովել այդ մեծ ոճրագործությունն ուրացող Թուրքիայի իշխանությունների համար:

 

2.Շառլ Ազնավուր

Հայության ամենամեծ աստղը դարձել է այս ցիրուցան ազգի և Հայաստանի Հանրապետության դեսպանը: Նա ոչ միայն ամենուրեք կարողանում է բարձր պահել հայ լինելու պատիվը, այլև առիթը բաց չի թողնում աշխարհին պատմել նախորդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի մասին՝ մարդկությանը հորդորելով հիշել, իսկ Թուրքիային՝ ճանաչել այդ ամենը:

 

3.Քիմ Քարդաշյան

Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ նրա այցը Հայաստան դարձավ համաշխարհային ամենանշանակալի մեդիա իրադարձությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց հայոց պատմության այդ ցավալի էջը: «Խոստում» ֆիլմի պրեմիերային նա իր ներկայությամբ դարձյալ օգնեց թե՛՛ ֆիլմի գովազդմանը և թե այդ խնդրի մասսայականացմանը: 

 

4.Սերժ Թանկյան

Երևանի Հանրապետության հրապարակում նրա բազմամարդ համերգը դարձյալ նվիրված էր ցեղասպանության հարյուրամյակին, և մի նոր լիցք տվեց ողջ հայությանը՝ ցեղասպանության խնդրի վրա բևեռելով ռոք սիրող միջազգային հանրությանը: Նա սփյուռքի ամենամեծ հայրենասերներից է, ով ոչ միայն մտահոգ է ցեղասպանության ճանաչման հարցով, այլև Հայաստանի Հանրապետությունում արդարության և բարեկեցության հաստատման խնդրով:

 

5.Ամալ Քլունի

Այդ խելացի և գեղեցիկ կինն իր աշխարհահռչակ ամուսնու հետ մշտապես օգնում է հայությանը: Փերինչեքի գործով նա համաձայնեց դառնալ Հայաստանի շահերի պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Իր այդ փաստաբանական միջամտությամբ նա հաջողությամբ ներկայացրեց հայության դիրքորոշումը միջազգային դատարանում, իսկ իր աստղային անհատականությամբ ևս մեկ անգամ աշխարհին հայտնեց  հայոց ցեղասպանության մասին:

 

6.Ռուբեն Վարդանյան

Նրա նախաձեռնած «Ավրորա» մրցանակաբաշխությունն իրապես մի նոր բարձունք էր սեփական ցավոտ անցյալը հիշող և սգացող ժողովրդի համար: Նա կարողացավ աշխարհին ցույց տալ, որ հայերը ոչ միայն մտահոգված են իրենց դարդերով, այլև լցված են համաշխարհային մարդասիրությամբ: Նա օգնեց բոլորին հավատալ, որ հայությունը, որպես ազգ, և Հայաստանը, որպես պետություն, այնքան են ամրացել, որ կարող են մրցանակներ տալ աշխարհի այլ հատվածում տառապող մարդկանց իրավունքները պաշտպանողներին:

 

7.Կարո Փայլան

Նա շատ հայտնի է Թուրքիայում և մեծ հերոս է Հայաստանում: Թուրքիայի խորհրդարանի անդամը միգուցե չի դարձել համաշխարհային մեծության աստղ, բայց նրա արածները հիրավի սխրագործություններ են: Այս անվախ ու ազնիվ պատգամավորը չի վախեցել և ժողովրդավարությունը օր օրի կորցնող Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հնչեցրել է ոչ միայն հայոց ցեղասպանության խնդիրը, այլև այդ երկրի բազում ցավոտ հարցեր:

 

8.Վալերի Բուայե

Հայամետ ֆրանսուհին շատ հայերի համար դարձավ սիրված ու ճանաչված, երբ հեղինակեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից: Օրինագիծն այնուհետև չեղյալ արվեց Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից, սակայն այդ նախածի քննարկման ողջ ընթացքը այնքան մեծ նպաստ բերեց, որ դրա վերջնական ընդունումն ու իրագործումն արդեն  երկրորդական դարձավ:

 

9.Ատոմ Էգոյան

Նրա «Արարատ»-ը ցեղասպանության մասին առաջին ֆիլմն էր, որն ունեցավ համաշխարհային մեծ հաջողություն և կարողացավ իր բարձրարժեք գեղարվեստականությամբ գրավել միլիոնավոր օտարազգի դիտողների ուշադրությունը: Այս մեծանուն հայն իր նույնքան հանրահայտ և հայրենասեր տիկնոջ հետ շարունակում է իր կարևոր ավանդը ներդնել թե՛ պատմական և թե՛ այսօրեական արդարության վերականգնման գործում:

 

10.Շեր (Շերիլին Սարգիսյան)

Նա ակտիվ չէր հայության հարցերով, բայց վերջին տարիներին սկսել է առավել հաճախ հիշել իր արմատները և խոսել հայության ամենացավոտ հարցի մասին: Նա Քիմ Քարդաշյանի շնորհիվ ներքաշվեց հայության թեմաների մեջ, իսկ «Խոստում» ֆիլմի պրեմիերային արդեն կանգնած էր հայության կարևորագույն կարմիր գորգին: Նա արցունքներով դուրս եկավ «Խոստում»-ի փակ դիտումից և այդ ֆիլմը դարձրեց առավել հետաքրքիր իրեն սիրող միլիոնավոր ամերիկացիների համար: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին