Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 12 սյուների խորհուրդը և պատմական արժեքը

21 Ապրիլ, 2017 20:17
Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 12 սյուների խորհուրդը և  պատմական արժեքը

24 ապրիլի 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր։ Դրանց արդյունքում, արդեն ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի կողմից 16 մարտի 1965-ի վավերացված որոշումը՝ հուշարձան կանգնեցնելու, սկսեց կենսագործվել 1966-ին։ Հուշարձանի շինարարությունն ավարտվեց 1967-ին եւ բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին[1]։ Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։

Բազալտով սալարկված հրապարակում կառուցվել է անսամբլ, որի տարածական հորինվածքի գերիշխող ծավալներն են Հիշատակի դահլիճը և Վերածննղի կոթողը։ Հուշարձանի լուծումը պարզ է և արտահայտիչ։ Հիշատակի դահլիճը բազալտե տասներկու թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Մույթերը ստորին մասերով միմյանց են մերձենում սանդուղքներով, որոնք բոլոր կողմից իջնում են դահլիճ, ուր Հավերժական կրակին խոնարհված «վշտագին» մույթերի շրջապատը մեծապես համակում է հուզական ներգործությամբ։ Հիշատակի դահլիճին հակադրված է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող վերսլաց և սրածայր բրգատիպ կոթողը։ 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։

1995 թվականին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները «Առաջին համաշխարհային պատերազմում»), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։ Համալիրի մոտ կանգնեցվել է ոչ մեծ խաչքար (քանդակագործ՝ Ս. Հակոբյան)՝ ի հիշատակ 1988 թվականին Սումգայիթում կազմակերպված հայերի ցեղասպանության զոհերի։

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։

Իրականում Արևմտյան Հայաստանի՝ Օսմանյան կայսրության նահանգների թիվը եղել է վեց (Վան, Էրզրում, Դիարբեքիր, Բիթլիս, Տրապիզոն, Սեբաստիա), Խարբերդի հետ՝ 7, բացի դրանից՝ առանձին եղել է Կիլիկիան՝ որպես Ադանայի վիլայեթ։ Պատմական Մեծ Հայքի նահանգներից ևս, Արևմտյան Հայաստանում չեն գտնվել 12-ը. Այրարատը ամբողջությամբ մտել է Երևանի նահանգի և Կարսի մարզի, Սյունիքը՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների, Արցախը և Ուտիքը՝ ամբողջությամբ Ելիզավետպոլի նահանգի, Գուգարքը՝ ամբողջությամբ Թիֆլիսի նահանգի ու Կարսի մարզի, իսկ Փայտակարանը՝ Բաքվի նահանգի մեջ։ Պարսկահայք նահանգը և Վասպուրականի արևելքը եղել և մնում են Իրանի կազմում, այսինքն՝ Թուրքիայի կազմում եղել են Մեծ Հայքի նահանգներից 6-ը, իսկ Տայքը և Վասպուրականը՝ մասամբ։ Անգամ եթե հաշվել Փոքր Հայքի նահանգները՝ դարձյալ 12 թիվը չի դառնում։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վկայությամբ՝ մարդիկ կան, որ ասում են՝ այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները, իրականում նրանք փորձել ենք մի քանի տարբերակ՝ չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով։ 30 մետր տրամագծով շրջանաձև դասավորությամբ 12 հսկա խոնարհված քարերը որևէ կապ չունեն Թուրքիայի 12 վիլաեթների հետ. սալերը կարող էին լինել 6 կամ 9։ Իսկ Սգո պատը կառուցվեց, որովհետև հուշահամալիրի ձախ հատվածում ընդհանուր կառույցին խանգարող բնակելի տներ կային, պարզապես երկար պատով բնակարաններն անջատվեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողից։

Ամեն տարի ապրիլի 24-ից հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին Հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010 այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից այնուհետև պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։

Այս արարողությունը իր մեջ է միավորում երկու գաղափար՝ ծաղիկների վերածումը լուռ վկաների և շրջակա միջավայրի պահպանման գաղափարը։ Ավանդաբար, արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ 2015 թվականին արարողությունը ընդգրկում էր երկու օր՝ ապրիլի 27ը և ապրիլի 28ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեծ քանակությամբ ծաղիկների պատճառով։

1970-ականներին լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը, հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը ցանկացել է այնպես լուսանկարել, որ հուշարձանի սյուներից լույս թափանցի դուրս, որի համար նա օգտագործել որսորդական լուցկի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին