Կարևոր իրադարձություններ

«Վերին Լարսի միակ այլընտրանքն այս պահին լաստանավերն են». վրացագետ

21 Ապրիլ, 2017 14:46
«Վերին Լարսի միակ այլընտրանքն այս պահին լաստանավերն են». վրացագետ

Shabat.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով առկա իրավիճակում Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհ չկա:

«Այսօրվա դրությամբ Վերին Լարսի այլընտրանքը լաստանավերն են, որոնց պայմանները փոխվել են, արտոնյալ հնարավորություններ, գնային ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Այլընտրանք դեռևս չունենք և մոտ շրջանում չարժե ակնկալել, որ այն կլինի»,- ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ռուսաստանը խնդիր չի տեսնում, որ Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսվի, վրացագետը նկատում է. «Բոլոր կողմերն էլ որոշակի հայտարարություններ անում են՝ իրենք դեմ չեն, որ առևտուր լինի, սահմանները բացվեն և այլն: Վրացական կողմը պետք է ընդունի այսօրվա գործող իրականությունը, որով իրենք անկախ պետություն են, սակայն վրացական կողմը բնականաբար դեմ է: Նա հայտարարում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում: Այնպես որ նմանատիպ հայտարարությունները դրական են, սակայն կիրառելի չեն, քանի որ կան քաղաքական այդ հարցերը: Աբխազիան չի հրաժարվի իր անկախությունից, իսկ Վրաստանը չի ճանաչի նրա անկախությունը»:

Ջոնի Մելիքյանը համոզված է՝ որպես բեռնափոխադրումների այլընտրանք Աբխազիան ընդհանրապես պետք է ի նկատի չունենանք: «Եթե ապագայում առկա քաղաքական խնդիրները որոշակի լուծում ստանան, ապա Հարավային Օսիայով՝ տրանսկովկասյան մայրուղիով ավելի հավանական է, որ հաջողվի ինչ-որ բան անել: Սակայն այս պարագայում, միջին ժամկետներում, չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի»,- նշում է նա:

Ըստ վրացագետի՝ դեռևս շատ վաղ է խոսել Վրաստան – Ռուսաստան հարաբերություններում դրական դինամիկայի առկայության մասին. «Կան հանդիպումներ, բանակցություններ, սակայն առաջընթաց չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին