Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր խոսնակի անունը դեռ անհայտ է

12 Հոկտեմբեր, 2015 22:05
ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր խոսնակի անունը դեռ անհայտ է

Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում Վաշինգտոնի ամենաազդեցիկ պաշտոններից մեկը՝ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնը միշտ էլ ստանձնել են Ամերիկայի քաղաքական դաշտի հսկաները: Հանրապետական կոնգրեսական Ջեյսոն Չաֆեցի խոսքով, խոսնակի դերի կարեւորությունը հսկայական է. «Խոսնակը սահմանադրական պահապանն է, որն ապահովում է գործընթացի արդարությունն ու անկողմնակալությունը»: Ջոն Բեյների հրաժարականից հետո այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն էր Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մքքարթնին, սակայն, վերջինս անսպասելի հրաժարվեց մասնակցել պայքարին՝ հարցականներ առաջացնելով վերլուծաբանների մոտ: Կոնգրեսի մեծամասնությունը կառավարող Հանրապետական կուսակցության անդամներից շատերը որպես հնարավոր թեկնածու հիշատակում էին 2012 թվականի ընտրություններին Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Փոլ Ռայանին, սակայն, վերջինս հրաժարվում է զբաղեցնել խոսնակի պաշտոնը: Փորձագետների խոսքով, թեկնածուի անվան հետ կապված շփոթության հիմնական պատճառն այն է, որ Հանրապետական կուսակցության պահպանողական եւ կենտրոնամետ թեւերը դեռեւս միմյանց միջեւ չեն պայմանավորվել հնարավոր թեկնածուի վերաբերյալ: «Իրականում, իրենք էլ չգիտեն, ինչպիսի որոշում կայացնեն», - համոզված է նախկին կոնգրեսական Ուին Վեբերը: Նախկին կոնգրեսական Ուին Վեբերի կարծիքով, ամենայն հավանականությամբ խոսնակ կդառնա անցումային թեկնածու, որին կփոխեն 2016-ի նախագահական ընտրություններից հետո: Կոնգրեսում փոքրամասնություն հանդիսացող Դեմոկրատական կուսակցությունն այս վեճերին դիտորդի կարգավիճակով է հետեւում. «Հանրապետական կուսակցության ներսում պահպանողական փոքրամասնությունն ամենից բարձր է գնահատում իր սեփական ծայրահեղական գաղափարախոսությունը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը: Ակնհայտ է մեկ բան. մինչ Հանրապետական կուսակցության բոլոր թեւերը չգան ընդհանուր հայտարարի, խոսնակ Բեյները ստիպված է հետաձգել սեփական հրաժարականը:

 

Լրահոս

Դիտել ավելին