Կարևոր իրադարձություններ

«Վերածնունդ»՝ հյուրասեր ու ջերմ Գյումրիում

20 Ապրիլ, 2017 19:46
«Վերածնունդ»՝ հյուրասեր ու ջերմ Գյումրիում

«Գյումրին՝ զարմանալի ձգողականություն ունեցող քաղաք է, որն իսկապես միանգամից գրավում է սիրտն ու հոգիդ, և ընդմիշտ մնում քեզ հետ»,- ասում է ջազմեն Վալերի Գրախովսկին, որի արդեն երրորդ այցն  է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: «Զարմանալի է, թե ինչպես Հայաստանի նման փոքրաթիվ ժողովուրդը կարող է այսքան տաղանդներ ունենալ և նման մեծ միջոցառում կազմակերպել»: 

35 երկիր ներկայացնող 3 հազար մասնակիցներ, 5 տարիքային խումբ, 19 անվանակարգ: Մրցույթին մասնակից բայանահար Միխայիլ Բելկովի համար կարևորը, իր իսկ խոսքով, հենց մասնակցությունն է, ոչ թե հաղթելու գաղափարը: Տպավորված է այն բացահայտումներով, որ ունեցավ այս քաղաքում: Այսքան ջերմություն, հյուրասիրություն չէի տեսել: Շատ հավանեցի նաև ժողովրդական գործիքները՝ քանոնն ու զուռնան, որոնց մասին անգամ պատկերացում չունեի:

«Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի նոր անվանակարգը՝ «Զինվորական երգչախումբ և նվագախումբ», ի հիշատակ է ռուսական բանակի Ա.Վ.Ալեքսանդրովի անվան Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր երգի ու պարի ակադեմիական անսամբլի ավիաաղետի զոհ դարձած երաժիշտների: Երջանիկ պատահականությամբ, այդ թռիչքին չմասնակցած Իգոր Ռաևսկին, որն անսամբլի նոր ղեկավարն է, և մենակատար Բորիս Դյակովը ներկա էին փառատոնի բացմանը։

Փառատոնը, այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին: Մասնաճյուղն իր հոբելյանի առիթով, Էմիլ Գիլելսի ընտանիքից նվեր ստացավ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու հեղինակած անվանի դաշնակահարի կիսանդրին ։ 

Փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը, որին մասնակցում էին արտերկրի հեղինակավոր երաժշտական հաստատությունների ռեկտորներ:  

Աբու Դաբիի կոնսերվատորիայի ռեկտորի խոսքով, սա իրականում իրենց համար ևս ներկա տարբեր երաժշտական հաստատությունների հետ նոր նախագծերի, համատեղ ծրագրերի մասին քննարկումների և պայմանավորվածությունների ձեռք բերման հիանալի հարթակ դարձավ: 

Տպավորված էր նաև Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ռեկտորը՝ Գալինա Մայարովսկայան:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը կանցկացվի մինչև մայիսի 30-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին