Կարևոր իրադարձություններ

Երևանյան ընտրություններին ընդառաջ. թեկնածուների տարիքը տատանվում է 19–85 տարեկանի սահմաններում. «Փաստ»

20 Ապրիլ, 2017 08:11
Երևանյան ընտրություններին ընդառաջ. թեկնածուների տարիքը տատանվում է 19–85 տարեկանի սահմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 14-ին մայրաքաղաքում կկայանան Երեւանի ավագանու ընտրությունները: Ապրիլի 14-ը սահմանված էր որպես վերջնաժամկետ թեկնածուների գրանցման համար: Այսպիսով՝ ընտրություններին կմասնակցի երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելքը» եւ «Երկիր ծիրանին»: «Փաստը» պարզել է, թե կուսակցությունների եւ դաշինքի կողմից առաջադրված թեկնածուների մեջ գերակշռում են կանայք, թե՞ տղամարդիկ եւ թե ի՞նչ մասնագիտություններ ունեն ապագա ավագանու անդամները:

ՀՀԿ-ի եւ «Ելքի» ավագանու անդամ թեկնածուների ցուցակները հրապարակվել էին դեռեւս մինչ պաշտոնական գրանցումը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից բացի, ո՛չ մյուս թեկնածուների անունն էր հայտնի, ո՛չ էլ նրանց հստակ թիվը:

«Երկիր ծիրանին» Երեւանի ավագանու ընտրություններին 51 թեկնածու է գրանցել, որի վերջին համարը զբաղեցրած ոմն Ռոբերտ Չիթչյանի անվան վրա գիծ է քաշված: «Երկիր ծիրանիի» թեկնածուների մեջ գերակշռում են կանայք՝ նրանք 28-ն են: Ամենատարեց թեկնածու, 69-ամյա Վահան Համազասպյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է: Ամենաերիտասարդը համակարգչային դիզայներ, 21-ամյա Արամ Բադասյանն է: Կուսակցության թեկնածուների մեջ կան եւ՛ մանկավարժներ, եւ՛ իրավաբաններ, եւ՛ բժիշկներ, եւ՛ անգամ ավիատեխնիկ: Փոստանջյանի կուսակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն էլ աշխատանք ունեն:

«Ելք» կուսակցությունների դաշինքն ունի մի փոքր ավելի շատ թվով թեկնածուներ, այն է՝ 63, որից 46-ը արական սեռի ներկայացուցիչ են, 17-ը՝ իգական: Նրանց ցուցակում գերակշռում են 80-ական եւ 90-ական թվականներին ծնված երիտասարդներ: Ամենաերիտասարդ թեկնածուն 1998 թ. ծնված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գալջյանն է, ով այս պահի դրությամբ աշխատանք չունի: Ամենամեծ տարիքն ունի անկուսակցական, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով շուտով կդառնա 70 տարեկան:

Ըստ գրանցված թեկնածուների անձնական տվյալների՝ դաշինքի թեկնածուների մեկ երրորդը՝ 24 հոգին, աշխատազուրկ են: Այստեղ կան անհատ-ձեռներեց, զբոսավար, փաստաբան, ինչպես նաեւ պետական կառույցներում աշխատող անհատներ:

ՀՀԿ-ն մայիսին կայանալիք ընտրություններին մոտ 70 տեղ ունեցող ավագանու կազմի համար 195 թեկնածու ունի, որից 48-ը կանայք են: Ամենատարեց թեկնածուն նույնպես կին է՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 85-ամյա Աստղիկ Գեւորգյանն է: Ամենաերիտասարդ թեկնածուն աշխատանք չունեցող, 23-ամյա Մարտին Աբրահամյանն է: ՀՀԿ ցուցակում կան եւ՛ գործող ավագանու անդամներ, եւ՛ արվեստի ու մշակույթի գործիչներ, եւ՛ կրթական հաստատությունների տնօրեններ, եւ՛ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ:

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին