Կարևոր իրադարձություններ

«Ժիրայր Սեֆլիյանին համարյա ճիշտ մեղադրանք են առաջադրել, միայն «նախապատրաստում» բառը պետք է հանել»

19 Ապրիլ, 2017 15:52
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Ժիրայր Սեֆլիյանին համարյա ճիշտ մեղադրանք են առաջադրել, միայն «նախապատրաստում» բառը պետք է հանել»

Բռնապետությունն էլ հո պոզով-պոչով չի լինում, այսպես է լինում: Ասում են՝ մենք որոշել ենք, որ դու տեռորիստ ես լինելու, կանխարգելում ենք: 1936-38ին էլ էին այդպես ասում՝ չեկիստները Րաֆֆու գիրքը մարդու տանը գտնում էին, ասում էին՝ մենք գիտենք, որ դու նացիոնալիստ և տրոցկիստ ես, տեռոր էիր նախապատրաստում, պատմիր, թե ում հետ պետք է Բերիային սպանեիր, որտե՞ղ, որտե՞ղ ես թաքցրել զենքը: Սողոմոն Տարոնցին որդու անունը Սասուն էր դրել՝ ՛՛ա՜՜՜՜՜՜՜՜. մենք գիտենք, դու Սասունն ուզում ես ետ բերել, պղծել մեր կուսակցական գիծը, դու հակահեղափոխական ես՛՛... Վահան Թոթովենցը Հայոց ցեղասպանության մասին գրել էր ՛՛Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա՛՛ գրքում՝ ՛՛դու զոոլոգիական ատելություն ունես թուրքերի նկատմամբ, հակահեղափոխական ես, հակաբոլշևիկ ես, հակասովետական ես՛՛: Պատմիր՝ հորինի, ստեղծագործի, պեղի... Հիմա Ժիրայր Սեֆիլյանի դեպքն է՝ տանը զինվորական պայուսակ ու փայտիկներ ենք գտել, թռուցիկ ենք գտել, պատմիր, հորինի, ստեղծագործի՝ ում հետ և ինչպես պետք է հեղաշրջում անեիր, այդ փայտիկներով ում աչքն էիր հանելու, որտեղ ես թաքցրել զենքերը: Մենք հո գիտենք, որ դու մտածում ես հեղաշրջման մասին...: Ողջ Հայաստանի բնակչությունը Լիսկայի զինապահեստի տեղն էր մատնացույց անում, Լիսկան էլ զենքով էր շրջում, բայց նրան կարելի էր, նա հեղաշրջում էր հանրային բարոյակնությունն ու մարդկանց ետ վարժեցնում արժանապատվության զգացումից, դա ծառայություն էր իշխանություններին: Ժիրայր Սեֆիլյանինը ճիշտ հակառակն է՝ նա արժանապատվության ու բարոյականության բարձրացման դաս է տալիս, փաստացի ետլիսկայական հեղաշրջում է անում, իսկ նրան հեղաշրջման նախապատրաստման գործով են մեղադրում: Միայն չեմ հասկանում՝ ինչու՞ նախապատրաստման, այդ մարդու ապրած կյանքը հենց ամբոջովին ապաստորացման հեղաշրջման գործընթաց է, նրան պետք առաջադրվի ոչ թե հեղաշրջման նախապատրաստման, այլ բուն հեղաշրջման մեղադրանք: Ինչպե՞ս կարող է Հայաստանում ապրել ու նվաստացած չլինել: Դու արդեն իսկ հեղաշրջված ես և այլոց էլ հեղաշրջում ես:

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին