Այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ հարցին, թե ինչու ընդդիմությանը Երևանի ավագանու ընտրություններում էլ չհաջողվեց մեկ միասնական ճակատով հանդես գալ:
«Մարտեր իրականացնելիս և ռազմավարություն մշակելիս պետք է հասկանանք, որ բոլոր ուժերը մեկտեղելը այնքան էլ արդյունավետ չէ: Պետք է նաև հաշվի առնենք մեր 25 տարիների փորձը, երբ ինչ-որ փոքր հարցի շուրջ միավորվում են, բայց քանի որ սպոնտան և կեղծ էին միավորվել, ոչ թե նույնատիպ գաղափարների և ծրագրերի շուրջ, ձախողվում են: Մեկ միավորում կարող են լինել, երբ կան նույնատիպ ծրագիր, գաղափարախոսություն, սկզբունքներ»,- ասաց Փոստանջյանը:
Անդրադառնալով Ելք դաշինքին՝ Փոստանջյանը նշեց. «Ելք»-ը դեռ պետք է հղկվի: Ես չգիտեմ նրանք վերջիվերջո կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ: Այնտեղ ներգրավված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով և արդեն իսկ միասնական չեն:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք երեք անգամ դիմել են Զարուհի Փոստանջյանին՝ համագործակցության առաջարկով, այդ թվում նաև խորհրդարանական և մայրաքաղաքի ավագանու ընտրություններում միասին մասնակցելու առաջարկով: Փոստանջյանը, սակայն, մերժել էր «Ելք»-ի բոլոր առաջարկները:
Մանրամասները՝ տեսանյութում