Կարևոր իրադարձություններ

ՍԱՍ-ի Արտակի խայտառակումից մինչև Արմեն Ամիրյանի սաունան հենց օպերայի շենքում. Ամենաքննարկվածների TOP 10 (տեսանյութ)

15 Ապրիլ, 2017 18:40
ՍԱՍ-ի Արտակի խայտառակումից մինչև Արմեն Ամիրյանի սաունան հենց օպերայի շենքում. Ամենաքննարկվածների TOP 10 (տեսանյութ)

Վերջին շրջանում մարդկանց առավել հետաքրքրել են Երևանի քաղաքապետի երեք թեկնածուները, խորհրդարանական ընտրությունների մի քանի հերոսները և մի քիչ էլ՝ Ամերիկայի նախագահը: Եվ այսպես.

 

1.Տարոն Մարգարյան

Երևանի ներկայիս ու հավանաբար նաև հաջորդ քաղաքապետը «Գելլափ»-ի տվյալներով վայելում է քաղաքացիների 60 տոկոսի համակրանքը: Սիրված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սիրված որդին խորհրդարանական ընտրություններում կարողացավ բացառիկ քանակի ձայներ ստանալ թե՛ իր կուսակցության և թե՛ իր հովանավորյալների համար:  Իշխանական մի քանի ձախողակներ չկարողացան մարսել նրա թիմի հաջողությունները և իրենց պատվիրված հոդվածներով ու մեդիակսմիթներով փորձեցին վնասել նրան, սակայն շները հաչեցին, իսկ Մարգարյանի քարավանը շարունակեց իր հաղթական ուղին՝ բարեկարգելով ու զարգացնելով Երևանը համաչափ կառավարման իր մոտեցմամբ:

 

2.Զարուհի Փոստանջյան

Այս անվախ ու անկոտրում կինը կորցրեց իր տասնամյա չարչարանքով աճեցրած «Ժառանգություն»-ը, սակայն չհանձնվեց և որոշեց ծիրանիով ներկել ոչ միայն իր հագուստները, այյլև ողջ երկիրը: «Երկիր Ծիրանի» տարօրինակ անունով կուսակցություն հիմնելով, Երևանի քաղաքապետ դառնալու հայտ ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանի առաջարկները մերժելով և Գալուստ Սահակյանից մի հատիկ դրոշ խնդրելով՝ նա դարձավ ձանձրալի դարձող հետընտրական քաղաքական կյանքի ամենաքննարկված և ամենագունեղ կինը:

 

3.Նիկոլ Փաշինյան

Երգելով «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ նա թևերը քշտեց և որոշեց դառնալ մայրաքաղաքի ամենալավ գլուխը, սակայն նրան հիշեցրին, որ ինքը երևանցի չէ: Հանրության առաջադեմ զանգվածը վրդովվեց շովինիզմի նման դրսևորումից՝ մոռանալով, որ նրա ներկայիս ամենահարազատ գործընկեր Մարուքյանն ամիսներ առաջ նրան փորձել էր դուրս անել Վանաձորի քաղաքապետի ընտրություններից՝ ասելով, որ նա վանաձորցի չէ: Այս սրալեզու իջևանցին ապահովեց իր թիմի մուտքը Ազգային ժողով, իսկ հիմա էլ փորձում է մի ելք գտնել ամենաընդդիմադիր ու ամենաիշխանական երկու ուժեղ թեկնածուների հետ մրցապայքարում:  

 

4.Արտակ Սարգսյան

«Նա խայտառակել Ռեսպուբլիկա~…»,- կբացականչեր հայտնի ֆիլմի հերոսը՝ լսելով, թե ինչպես էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցներից կորզում նրանց ձայները: Շատերի համար բացահայտվեց այն տեխնոլոգիան, որով «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը վերընտրվեց պատգամավոր: Այսպիսով, ոչ մի անգամ խորհրդարանում բերանը չբացած և ոչ մի օրենսդրական աշխատանք չարած  «ՍԱՍ»-ի Արտակի համար քվեարկեցին հինգ անգամ ավել պատժից վախեցած, շլյապան դրած ու ձայներ հավաքած, բերած ձայների գյորա սիրո քաղաք Փարիզ գնացած և «ՍԱՍ» սուպերմարկետում ստրկացած այլ խեղճուկրակները:

 

5.Արմեն Մարտիրոսյան

Իր դաշինքի խայտառակ ֆիասկոյից հանրությանը փոքր-ինչ շեղելու համար նա հայտարարեց, որ «Ելք» դաշինքի թիկունքում կանգնած է նախագահի փեսան: Փաստորեն, նա հավատացել էր փեսայամերձ մի քանի անհատների կողմից շրջանառվող այն միֆին, թե Միքայել Մինասյանն այսօր որևէ նշանակալի քաղաքական ազդեցություն ունի: Այս ամենից հետո Մինասյանը խոստովանեց, որ նա սոսկ շարքային դեսպան է և խնդրեց, որ իր հեռավոր մենության մեջ իրեն լրացուցիչ ցավ չպատճառեն, իսկ Մարտիրոսյանն էլ մոռացության մատնվեց՝ իր չհաջողված «ՕՐՕ» դաշինքի հետ միասին:

 

6.Արմեն Ամիրյան

Հայ մշակույթի մերօրյա հայրն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից թևեր առած որոշեց ազգին մշակութային նոր բարձունք ապահովել և ռեստորաններով լցնել Օպերայի տանիքն ու շենքը՝ «Ինչ անում ենք, արվեստի համար ենք անում» սկզբունքով: Քիչ էին Օպերայի շուրջ եղած բոլոր սրճարաններն ու զվարճանքի վայրերը, հիմա էլ նա որոշեց հայկական արվեստի վերջին օջախը վերածել շահութաբեր կապիտալի՝ այն դարձնելով ռեստորաններով, մարզասրահներով ու շոքեբաղնիքներով հարուստ զվարճանքների մի կենտրոն:

 

7.Սամվել Կարապետյան

Հարուստ ռուսաստանահայերի ակումբի նախագահը լայնորեն քննարկվեց, երբ խոստացավ մեծ ներդրումներ բերել Հայաստան: Ռուսաստանի ամենահարուստ հայը և Հայաստանի ամենամեծ բարերարը քննարկվեց նաև, երբ լուրեր շրջանառվեցին ու չհերքվեցին, որ նա պատրաստվում է գնել «Արմենիա» հեռուստաընկերությունը: Այնուհետև քննարկվեց, որ իր եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, կարող է դառնալ Ազգային ժողովի նախագահ: Այս լուրերը իրականություն դառնալու դեպքում նա ոչ միայն կգլխավորի այս, այլև շատուշատ ուրիշ տասնյակներ:

 

8.Դանիել Իոնիսյան

Նա արշավ սկսեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած դպրոցի տնօրենների դեմ և հրապարակեց նրանց գաղտնի ձայնագրությունները, իսկ տնօրեններն էլ սպասեցին, որ ընտրություններն ավարտվեն և նոր վերականգնեն իրենց պատիվն ու արժանապատվությունը՝ այս խեղճ երիտասարդին դատի տալով ու նրանից միլիոնավոր դրամներ պահանջելով: Կարևոր չէ, թե ինչպիսի իրավական հիմքեր կան այս գործում, կարևորն այն է, որ այսուհետ իշխանության համար ձայն հավաքողներին բռնացնողները կիմանան, թե իրենց ինչ դատ ու դատաստան է սպասվում նման անշնորհք արարքի համար:

 

9.Դոնալդ Թրամփ

Համաշխարհային կարևորության մեր ընտրությունները շաքարով, իսկ ավելի ճիշտ՝ իր հրթիռներով կտրեց աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարը, երբ որոշեց ռմբակոծել Սիրիան: Հայության մի զգալի հատված Ռուսաստանի շահերից ելնելով խիստ բարկացավ ամերիկյան այդ ագրեսիայից, իսկ ամերիկյան քաղաքացիները համոզվեցին, որ Թրամփն էլ Հիլարի Քլինթոնի չափ տղամարդկություն ունի և կարող է հակադրվել Պուտինին՝ զենք կիրառելով այնտեղ, որտեղ ամիսներ առաջ գնդակոծում էր Ռուսաստանը:

 

10.Գալուստ Սահակյան

Նա ընտրություններից հետո մեկ-երկու հարցազրույց տվեց և անմիջապես հայտնվեց ամենաքննարկվածների կողքին: Նա հորդորեց իրեն չտեսնել Ազգային ժողովի նախագահ, այլ տեսնել որպես պարզապես Գալուստ Սահակյան: Նա նաև հայտնեց, որ կդառնա սովորական պատգամավոր, բայց չի լինի սովորական: Մի խոսքով հանրությունը դարձյալ խառն ու անմեկնելի մտքի գոհարներ ստացավ մաեստրոյից և դարձյալ հնարավորություն ունեցավ փարատել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից առաջացած իր հերթական տխրությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին