Կարևոր իրադարձություններ

Նախագահական ցինիկ ձեռառնոցի բոլոր կուսակցություններին և Սեյրան Օհանյանի զինակից կնոջ հերթական հաղթարշավը. Ապրիլմեկյան TOP 10

31 Մարտ, 2017 23:50
Նախագահական ցինիկ ձեռառնոցի բոլոր կուսակցություններին և Սեյրան Օհանյանի զինակից կնոջ հերթական  հաղթարշավը. Ապրիլմեկյան TOP 10

 Ոմանց համար այս ընտրություններն ապրիլմեկյան մի մեծ սուտ էին, իսկ շատերի համար էլ այս ապաքաղաքական քարոզարշավն էր ապրիլմեկյան ծաղր: Եվ այսպես, ապրիլի 1-ի կապակցությամբ ներկայացնում ենք նախընտրական շրջանի ամենամեծ զավեշտները:

 

1.Դանիել Իոնիսյան

Այս երիտասարդը պայթեցրեց մաքուր ընտրություններ անցկացնելու միֆը՝ ներկայացնելով ներկայիս կրթական համակարգի ողջ զավեշտն ու թշվառությունը: Հարյուրավոր դպրոց-մանկապարտեզի հարիֆ տնօրենների խոսացնել-ձայնագրելը նման էր ապրիլմեկյան չար կատակի: Իշխանական ձայն հավաքողների դեմ արշավ կազմակերպելու համար իշխանական մամուլը հրապարակեց նրա ընտանեկան կյանքի մի շարք էպիզոդներ, որպեսզի վրեժ լուծի և ապացուցի, որ այս սրամիտ երիտասարդը գենետիկ կլյաուզնիկ է:

 

2.Ռուզաննա Խաչատրյան

Ինչը՞ կհաղթեր Սեյրան Օհանյանին, թե չլիներ նրա կինն ու գինին... Եվ մի քիչ էլ Սամվել Բաբայանի ձերբակալությունը: Օհանյանի գեղեցիկ և գերակտիվ կինը մի քանի անգամ ընդհատեց ամուսնուն, ստիպեց իր հերոս ամուսնուն կարկամած աջ ու ձախ նայել և վախվորած «Լավ, լավ» ասել ու իր այդ հարցազրույցով խանգարեց իր ամուսնու ընդդիմադիր կարիերայի վերընթացին:

 

3.Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահն այնպես ծաղրեց ողջ քաղաքական դաշտը, որ գերազանցեց «Քոմեդի Քլաբ»-ի տղաներին և բոլոր մյուս հումորիստներին: Ոչ ոք չէր կարող այդպես դաժանորեն ու արդարացիորեն խոսել այսօրվա մրցող բոլոր կուսակցությունների, դրանց առաջնորդների, ինչպես նաև Ղարաբաղի խնդրի շուրջ դատարկաբանողների մասին: Նա փորձեց անհաս սրամտությամբ ու ցինիկությամբ իր տասնամյակների սխալը ներկայացնել որպես ազգի միակ փրկություն՝ առայժմ դառնալով քաղաքական կյանքի միակ ուրախությունը:

 

4.Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի՝ կտուրներով մագլցելն ու քարոզելը այնքան նոր էր և զվարճալի, որ այն նկատել էր նույնիսկ երկրի նախագահը, ով ծաղրելով այդ քարոզարշավը՝ որոշակիորեն օգնեց ԵԼՔ-ի ռեյտինգի ավելացմանը: Հումորասեր Նիկոլն այդ ամենի վրա կանգ չառավ և բռնված դպրոցի տնօրենների արածը  համեմատեց Երևանյան լճի մոտ կանգնող պոռնիկների գործի հետ, որի համար Աշոտյանը նրանից ներողություն պահանջեց, իսկ Փաշինյանն էլ պատասխանեց. «Աշոտյան եղի՛ր, Աշոտյա՛ն»:

 

5.Կարեն Ավագյան

Որքան էլ անհավանական է ու ծիծաղելի, բայց ՀՀԿ-ի հավերժ երիտասարդն ունի իր համար լայքեր հավաքող երիտասարդներ: Պարզվում է՝ նա ֆեյսբուքյան գրառումներ անելիս հույսը չի դնում միայն իր գրչի զորության վրա, այլ պահում է հաստիքային լայքահավաքներ, որոնք երիտասարդներին հրահանգում են իրենց ֆեյսբուքյան խոնարհումն ու հավանությունը արտահայտել երկրի ամենազորեղ երիտասարդի մտքի գոհարներին:

 

6.Արթուր Բաղդասարյան

Այս ու՞ր ենք հասել. մեկը կեղծ լայքեր է հավաքում իր ֆեյսբուքյան գրառումների համար, իսկ Բաղդասարյանի թիմն էլ կեղծ ծափեր է կազմակերպում իր առաջնորդի ելույթների ժամանակ: Վերածնված ՕԵԿ-ի հետ կապված այս և այլ հումորները քիչ էին, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ բացահայտեց, որ ՀՎԿ ծրագրում ոչ մի բառ չկա Ղարաբաղի մասին՝ ապացուցելով, որ Բաղդասարյանն ու իր թիմը լուրջ չեն ընդունում Ղարաբաղի խնդիրը:

 

7.Արամ Սարգսյան

Նրան ասում են՝ հերոս եղբորդ սպանությունից հետո պիտի սպանեիր սպանողներին, իսկ նա ասում է, որ երբեք մարդասպան չի եղել ու չի լինի: Նրան ասում են՝ ո՞նց կարողացար եղբորդ սպանությունից հետո վարչապետ աշխատեիր այդ սպանության մեղավորների հետ, նա ասում է, որ չգիտեր, թե ով է սպանողը: Նրան ասում են՝ թույլ մարդ ես, իսկ նա... Ահա և ողջ զավեշտը:

 

8.Միհրան Պողոսյան

Նախընտրական հավաքի ժամանակ իր նվիրյալներից մեկը վարչապետին հարցրեց, թե ընտրություններից հետո որտե՞ղ է տեսնում ԴԱՀԿ նախկին պետին: Վարչապետն էլ տարավ-բերեց ու հայտարարեց, որ Պողոսյանին կառավարությունում ընդհանրապես չի տեսնում: Այս ամենը շատ օգնեց նրա հիմնական մրցակցին՝ Ռոբերտ Սարգսյանին, քանի որ ընտրողները հասկացան, որ եթե վարչապետը Միհրան Պողոսյանին չի ուզում տեսնել կառավարությունում, ապա իրենք էլ կարող են նրան չտեսնել Ազգային ժողովում:

9.Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)

Խառն է, խառը մեր Կոմանդոսը: Օր ծերության նա որոշեց զբաղվել քաղաքականությամբ և միանգամից հայտնվեց բավական զավեշտալի իրավիճակում: Մշտապես խիզախ խոսող մարդը սկսեց լղոզել իր բոլոր պատասխանները՝ կապված Վիգեն Սարգսյանին աջակցելու, Սամվել Բաբայանի ձերբակալության և Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեության  հետ: Իր հանդեպ երկարամյա հանրային սերը այսպես փոշիացնելը նրան կանգնեցրեց նախընտրական այս տրագիկոմեդիայի հերոսների կողքին:

 

10.Ալեքսանդր Լուկաշենկո

Իր երկիրը հետամնաց բռնապետության վերածած Բատկան ոչ մի առնչություն չունի մեր նախընտրական գործընթացների հետ, բայց նա որոշեց զվարճացնել հայությանը և փիլիսոփայել Ղարաբաղի բնակիչների կյանքի շուրջ՝ համոզմունք հայտնելով, որ այնտեղ ապրողները երջանիկ չեն: Հետո էլ բացահայտեց, որ Լապշինի գործով Հայաստանից իրեն ոչ ոք չի դիմել: Այս ամենն առավել զավեշտալի էր Բելառուսում Հայաստանի արդեն նախկին դեպան Արմեն Խաչատրյանի ֆոնին, ով Բելառուս էր մեկնել երկարամյա հանգստի և դարձել էր էլ ավելի չաղ ու բախտավոր:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին