Կարևոր իրադարձություններ

Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են վարչապետին. «Ժամանակ»

28 Մարտ, 2017 10:25
Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են վարչապետին. «Ժամանակ»

Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ, շաբաթ օրը ազդարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

Բայց երբ ավելի մանրամասն ենք դիտարկում արված հայտարարությունները, տեսնում ենք, որ այն ընդհանուր առմամբ հերթական նախընտրական ակցիան է, իսկ մասնավորապես՝ աջակցություն Կ. Կարապետյանին: Չէ որ Հայաստան եկած եւ ներդրումներ խոստացած գործարարները հիմնականում Ռուսաստանից են:

Բանն այն է, որ դրանք ընդամենը ծրագրեր են, որոնք ներդրողների են սպասում: Կգտնվե՞ն ներդրողներ, որ այդքան գումար կբերեն մեր ոչ թափանցիկ ու մրցակցային տնտեսության մեջ ներդնելու համար, խիստ կասկածելի է:

Ովքե՞ր են այդ ներդրողները: Դրանցից առաջինը Սամվել Կարապետյանն է, ով գուցե առաջիկա տարիներին կատարի խոստացած 300 մլն դոլարի ներդրումը: Դրանց մեջ են «Լյուդինգ» ընկերության սեփականատերերը, որոնք, մեր տեղեկություններով, արդեն իսկ դժգոհություն են հայտնել, որ իրենց ստիպել են միանալու այդ ծրագրին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ ներդրողներից կամ հիմնադրամին աջակցողներից մեկը պետք է լինի Ռուսաստանում, մասնավորապես՝ Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը կամ հայտնի Ռոբսոնը: Վերջինս հայտնի դեմք է նաեւ Ռուսաստանի կրիմինալ աշխարհում: Երկու տարի առաջ նա նույնպես ձերբակալվել է Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ Զախարի Կալաշովի` Շաքրո Մոլոդոյի հետ միասին: Ի դեպ, վերջինս 2015թ. հուլիսի 22-ին Հայաստանում էր՝ մասնակցելու Նոր Հաճընում Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը: Եվ երբ լրագրողները փորձում էին խոսցնել Սամվել Ալեքսանյանին, վերջինս նրանից էր օգնություն խնդրում, թե «Ռոբսոն, սրանք ինչ են ուզում մեզանից»:

Կ. Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաեւ նմանատիպ մեկ այլ գործարար Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: «Էկել ա մի տղա, որին ճանաչում եմ դեռ 1993 թվականից, որի արած գործերը ինքս գիտեմ, գիտեմ ինչի է ընդունակ եւ ինչ է անելու մեր երկրի համար: Մենք նրա հետ բոլորով»,- Skype-ով իր ելույթում էջմիածինցիներին հորդորում էր Դոն Պիպոն:

Վերջինս նույնպես քրեական աշխարհում հայտնի դեմք է, եւ տարիներ առաջ Հայաստանից հեռացվել էր Մանվել Գրիգորյանի կողմից ինչ-ինչ շահեր չկիսելու պատճառով: «Ժամանակին ինչպես Ելցինն իր ղեկը փոխանցեց Վլադիմիր Վլադիմիրովիչին, բոլորն ասում էին, ջահել տղա է, ինչ պետք է անի: Հիմա տեսնում ենք, ինչ արեց նա. քանդված Ռուսաստանից սարքեց մի հատ մեծ «դերժավա», որ ամբողջ աշխարհն է հաշվի նստում նրա հետ: Այսօր մեր երկրի «գլավկամանդույուշի» Սերժ Սարգսյանը, նույնպես այս քայլով տալիս է մի տղայի, որ նույնպես մեզ տանելու է ճիշտ ճանապարհով: Երեք Մասկվայից եկել են 35 իմ ընկերները, դուք երեւի տեսաք «տելեվիզորով», եւ ամբողջ աշխարհին հայտարարել են մեր երկրի կայացման մասին»,- իր տեսաուղերձում ասում է Դոն Պիպոն:

Արդյոք կրիմինալը կարող է Հայաստանի զարգացման գործում անշահախնդիր ներդրում ունենալ: Կամ Հայաստանին անհրաժե՞շտ են այդ կրիմինալ ֆինանսները: Ինչ պետք է տա Հայաստանը դրա դիմաց նրանց: Կամ, որն ավելի ճիշտ է, ՌԴ-ին: Դա ազդեցության լծակ կամ ավելի շուտ՝ մահակ կդառնա մեր երկրի գլխին: Ի՞նչ պատուհաս է բերելու Հայաստանի գլխին Կ. Կարապետյանն այդ կեղտոտ փողերով: Եվ այս դեպքում, հավանաբար, բարեբախտություն կարելի է համարել, եթե նման աջակցություն ընդամենը նախընտրական ակցիա լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին