Կարևոր իրադարձություններ

Վարչապետական ստրիպտիզից մինչև պաշտպանության նախարարների լեզվակռիվ. Ամենահզորների TOP 10

25 Մարտ, 2017 21:01
Վարչապետական ստրիպտիզից մինչև պաշտպանության նախարարների լեզվակռիվ. Ամենահզորների TOP 10

Ընտրավազքի բոլոր մասնակիցներն էլ երազում են հայտնվել կամ մնալ այս տասնյակում, սակայն այսօր միայն այս տասը մարդն են վայելում բարձրագույն իշխանության և ուժի հաճույքները: Եվ այսպես.

 

1.Սերժ Սարգսյան

Մինչ քաղաքական բոլոր ֆիգուրները կամա, թե ակամա խաղում էին իր գծած նախընտրական խաղը, նա փառքով ընդունվեց Փարիզում, հետո մեկնեց Մոսկվա և արժանացավ ամենաճոխ ընդունելությանը, իսկ վերջում էլ Աբու Դաբիում ջերմորեն շփվեց արաբական շեյխերի հետ: Ներքաղաքական գզվռտոցին չմասնակցելով՝ նա շարունակում է իր ձեռքում պահել քաղաքական դաշտի բոլոր թելերը և դարձյալ մնում է ամենահզորը բոլոր հզորների մեջ: 

 

2.Կարեն Կարապետյան

Ռուսաստանում խոպան գնացած գյուղացուն նա ասում է՝ թխի գա, իրենից գրիչ ուզող կնոջ համար բացում է կոստյումը, տեսախցիկների առաջ Տաշիրի արքայազնից ներդրման խոստում է ստանում, շրջում է բոլոր մարզերով, անեկդոտ է պատմում, կենաց ասում և բարձրացնում է ոչ միայն ժողովրդի տրամադրությունը, այլև ՀՀԿ-ի կորսված ռեյտինգը: Այս ամենի համար նա այսօր արժանացել է այս տասնյակի երկրորդ հորիզոնականին:

 

3.Վիգեն Սարգսյան

Նա առաջինն է իշխանության նախընտրական ցուցակում և այդ իսկ պատճառով երրորդն է այս տասնյակում՝ նախագահից ու վարչապետից հետո: Նա չունի Կարեն Կարապետյանի անհաս խարիզման, բայց ունի հանդարտ ու հզոր խոսք, որով վերջերս շանթեց իր նախորդին: Ճիշտ է՝ Սեյրան Օհանյանն էլ տակ չմնաց, սակայն այդ լեզվական մենամարտում կրկին շահեց երիտասարդ նախարարը, քանի որ իր հետ հեռակա բանավիճող Օհանյանը շշպռելու փոխարեն հաճոյախոսություն շռայլեց Վիգեն Սարգսյանին:

 

4.Տարոն Մարգարյան

Նրա դիրքերն աննախադեպ ուժեղացել են, քանի որ նա ոչ միայն պատվավոր երկրորդ համարն է ՀՀԿ ցուցակում, այլև ապահովում է իշխանության ձայների մի հսկայական բաժինը: Գիշեր-ցերեկ աշխատելով՝ նա կարողանում է հավաքագրել ու համակարգել իշանությանը տրվելիք երևանյան ձայները և ձեռքի հետ էլ հասցնում է բարեկարգել գարնանային մայրաքաղաքը՝ անվերջանալի ձներից քայքայված իր ճանապարհներով: Այս ամենի հետ պարզվում է, որ հանուն իր կուսակցության նա կարող է նաև ակտիվ հռետոր լինել` հաճախակի ելույթներ ունենալով ՀՀԿ քարոզարշավի ընթացքում:

 

5.Վովա Գասպարյան

Վարչապետը նրան խնդրեց իր անձնական կոնտրոլի տակ վերցնել Պետավտոտեսչությունը՝ մոռանալով, որ նա շատ վաղուց իր անձնական կոնտրոլի տակ է պահում ոչ միայն իր հսկայական ոստիկանությունն ու հարակից կառույցները, այլև երկրի ողջ քաղաքական զարկերակը: Նրա կոնտրոլի տակ հեշտորեն ցրվեցին Հաց բերողի մահվան հետ կապված բոլոր ցույցերը, իսկ նրա փեսայի քարոզարշավը կազմակերպվեց բարձրագույն որակով ամենակրեատիվ լուծումներով:

 

 

6.Գագիկ Ծառուկյան

Ինչպես ներկայիս վարչապետին, այնպես էլ Կոտայքաց արքային ժողովուրդն ընդունում է մեծագույն սիրով և ջերմությամբ: Նա գրկում է հասարակ գյուղացիներին և օդ բարձրացնում իրեն դիմող տատիկներին, հավաքում է հազարավոր խնդրագրեր և խոստանում իր տասնհինգ կետանոց բարելավումը: Նրա անսահման կարողությունը ու երկար տարիների բարեգործությունը նրան դարձնում են ամենահզորը ոչ իշխանականների մեջ և ամենասիրվածը իշխանության հետ կոալիցիան չբացառողների շարքում:

 

7.Սամվել Կարապետյան

Նա ամենաազդեցիկ մեծահարուստն է, ով ունի ջերմագույն հարաբերություններ բոլոր հայկական և ռուսական հզորների հետ: Նրա ներդրումներն իր հայրենի Տաշիրում, նրա եղբոր խիստ ընդդիմադիր և անկեղծ ելույթները, նրա ընտանիքի երկարամյա օգնությունը Հայաստանին ապահովել է նրա համար ոչ միայն հսկայածավալ հանրային հարգանք, այլև այս բարձր դիրքը ամենահզորների շարքում:

 

8.Գեորգի Կուտոյան

Հավքն իր թևով, Սամվել Բաբայանն իր «Իգլայով» չեն կարող ճեղքել հայկական սահմանն ու վտանգել իշխանության անվտանգությունը, քանի որ այդ սահմանին մշտարթուն է Ազգային անվտանգության ծառայությունն իր արդեն բավական թրծված, բայց դեռ տակավին երիտասարդ տնօրենով: Նա ոչ միայն ամեն գնով ապահովում է իր ղեկավարության անվտանգությունը, այլև կարողացել է վտանգավոր դարձնել որոշ կաշառակեր չինովնիկների և հանցախմբերի գործունեությունը:

 

9.Վարդան Հարությունյան

Չնայած վառելիքի և բանանի ներկրման հետ կապված սկանդալին՝ նա շարունակում է մնալ այն հազվագյուտ պաշտոնյան, որից չափազանց գոհ են բազմաթիվ գործարարներ, քանի որ մաքսատներում նա գրեթե վերացրել է լայնածավալ կոռուպցիան, իսկ հարկայինին թույլ չի տալիս նեղել տնտեսվարողներին: Նա վարչապետի ամենաարդյունավետ և հզոր կադրն է, ինչի համար էլ արժանիորեն հայտնվել է ամենահզորների կողքին:

 

10.Ալեքսան Հարությունյան

Վերակենդանացնելով ՀՀԿ-ի և իշխանության գրեթե զրոյացած վարկանիշը՝ այս հրաշագործ պրոֆեսիոնալը կարողացավ հնարավոր դարձնել անհնարը: Նա ՀՀԿ-ին տվեց նոր գույներ, ստեղծեց ՀՀԿ-ի նոր կայք, արգելեց իշխանության հին ու զզվեցրած դեմքերին երևալ քարոզարշավի ժամանակ, ամենուրեք ճիշտ ներկայացրեց սիրված վարչապետին և ցույց տվեց Նախագահի միայն դրական կողմերը: Այս ամենով նա մաքրեց իր անտաղանդ նախորդների ստեղծած ախոռը և նոր շունչ հաղորդեց մեռնող իշխանությանը:

 

P.S. Անկանխատեսելի է, թե ինչպիսին կլինի այս տասնյակը ընդամենը մեկ շաբաթ անց: Ապրիլի 2-ից հետո ոմանք պատկերացնում են, որ այստեղ կհայտնվեն Ժիրայր Սէֆիլյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու այլոք, իսկ ոմանք էլ գիտեն, որ ընտրությունները կանցնեն ինչպես միշտ, իսկ տասնյակում և ժողովրդի կյանքում ոչ մի փոփոխություն էլ չի լինի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին