Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

25 Մարտ, 2017 13:30
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (25 մարտ 2017թ.)
Մեծ պահք, օր քսանյոթերորդ

Հիսուս ասում է.
- Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կփայլեն արեգակի նման։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
- Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։
- Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ մարգարիտը։
- Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է բռնվում։ Երբ ուռկանը լցվում է, ձկնորսները ցամաք են քաշում այն և նստելով՝ առանձնացնում են ձկները. լավերը հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները՝ թափում։ Ահա այդպես է լինելու աշխարհի վախճանին։ Հրեշտակները պիտի ելնեն, չարերին զատեն արդարների միջից և նետեն բոցավառ հնոցի մեջ, որտեղ նրանք լաց պիտի լինեն ու կրճտեն իրենց ատամները:
(Մատթեոսի ավետարան 13:43-50)

Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ։ Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ կանգուն մնալու համար: Հետևաբար պատրա՛ստ եղեք, ամրապնդեցե՛ք ձեր մեջքը ճշմարտությամբ, հագե՛ք արդարությունը զրահի պես և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը՝ կոշիկի նման: Եվ այս բոլորի վրա առե՛ք հավատի վահանը, որպեսզի կարողանաք հանգցնել Չարի արձակած բոլոր մխացող նետերը: Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուրը, այսինքն՝ Աստծու խոսքը: Այս բոլորի հետ մեկտեղ աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 6:10-18)

 

Լրահոս

Դիտել ավելին