Կարևոր իրադարձություններ

«Մեր զոհված, հաշմանդամ դարձած 2000 մարտական ընկերների ընտանիքների մենք ստիպում ենք, որ 35-40 տարի սպասեն իրենց բնակարանային հերթին»

24 Մարտ, 2017 15:18
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
«Մեր զոհված, հաշմանդամ դարձած 2000 մարտական ընկերների ընտանիքների մենք ստիպում ենք, որ 35-40 տարի սպասեն իրենց բնակարանային հերթին»

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել են Լոռու մարզի Ալավերդի քաղաք։

Լրացնելով ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին, ով իր ելույթում հանգամանորեն ներկայացրել է դաշինքի տեսլականը՝ «365 օր. Ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» ծրագիրը, Սեյրան Օհանյանն ընդգծել է․

-Մենք ունենք 700 սպա, որոնք պահեստազորում սպասում են իրենց բնակարանային հերթին։ Եվ մենք առաջին հերթին նրանց խնդիրն ենք լուծելու։

Մեր զոհված, հաշմանդամ դարձած 2000 մարտական ընկերների ընտանիքների մենք ստիպում ենք, որ 35-40 տարի սպասեն իրենց բնակարանային հերթին։ Մենք գտնելու ենք անհրաժեշտ 18 միլիարդ դրամը և առավելագույնը 3 տարում նաև նրանց խնդիրն ենք լուծելու։

Մեր պետությունում պետք է փոխենք վերաբերմունքը նրանց նկատմամբ, այսինքն՝ ոչ միայն բանակի ղեկավարությունը, այլև ողջ ժողովուրդը և հատկապես գործարարները իրենց գործունեությունը իրականացնելիս առաջնահերթությունը պետք է տան մարտական գործողությունների մասնակիցներին՝ նրանց աշխատանքով ապահովելու կամ սոցիալական այլ խնդիրներ լուծելու համար։

Հանդիպման ավարտին քաղաքացիները ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ուղղել են իրենց հարցերը՝ հիմնականում զինծառայողների սոցիալական, առողջական խնդիրների վերաբերյալ։

-Տարիներ ի վեր ես պայքարել եմ, որպեսզի լուծվեն ազատամարտիկների, զինծառայողների սոցիալական խնդիրները։ Գալիս են իմ մարտական ընկերները, իմ զինվորները, որոնք դիմում են տարբեր գերատեսչություններ, և բոլորին ուղարկում են՝ գնացե՛ք ՊՆ։

Սրանով 2 բացասական երևույթ է ձևավորվում մեր հասարակության մեջ․ 1-ին՝ ծանրաբեռնում ենք ՊՆ-ը, որը պետք է իր խնդիրներով զբաղվի, և 2-րդ՝ այն պարտավորությունները, որ ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վերցնում-տալիս ենք ՊՆ-ին, այնինչ այս նախարարությունն էլ պետք է զբաղվի թե՛ զինծառայողների, թե՛ ազատամարտիկների, թե՛ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերով,- պատասխանել է գեներալ-գնդապետը և հավատարիմ իր սկզբունքներին ու գործելաոճին՝ զինծառայողի մորից վերցրել է նրա որդու տվյալները՝ խոստանալով օգնել նրանց։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին