Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հայտնվել է անհարմար վիճակում. Վրաստանի պաշտպանության նախարարությունը փշրեց գործի «ողջ հմայքը». «Ժողովուրդ»

24 Մարտ, 2017 09:10
ԱԱԾ-ն հայտնվել է անհարմար վիճակում. Վրաստանի պաշտպանության նախարարությունը փշրեց գործի «ողջ հմայքը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալումը հետաքրքիր երանգներ է ստանում: Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, թե ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Վրաստանից Հայաստան ռազմական տեխնիկայի տեղափոխումը:
 
Չի ընդունում
 
Մարտի 22-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով: Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի /ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով/ եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով /խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով/ հարուցվել է քրեական գործ:
 
Կատարված քննչական գործողությունների արդյունքում հրթիռը Հայաստան տեղափոխող 3 անձ ձերբակալվել է, այդ թվում է նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Ըստ ԱԱԾ-ի. «Նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով»:
 
Երեկ արդեն տեղի է ունեցել Սամվել Բաբայանի հարցաքննությունը: Նա չի ընդունել այն կասկածանքը, ինչի համար իրեն ձերբակալել են, այն է՝ հրթիռը Հայաստան տեղափոխող անձինք գործել են իր պատվերով:
 
 
 
Վրաստանը հերքում է
 
Ու մինչ երեկ ԱԱԾ-ն փորձում էր արժանահավատություն հաղորդել «կատարված գործին՝ ինչ-ինչ քննչական գործողություններ իրականացնելով` հասկանալու համար, թե ձերբակալված անձանցից յուրաքանչյուրը ինչ մասնակցություն է ունեցել «Իգլա» բերելու գործընթացին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց` փշրելով գործի «ողջ հմայքը»:
 
«Սպուտնիկ Գրուզիա»-ն հրապարակել էր Վրաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ նշվել էր. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը: Այն քաղաքացիական եւ ոչ թե ռազմական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլտվություն է տալիս ռազմամթերքի տարանցման համար, սակայն այդ դեպքում նման թույլտվություն չի եղել»:
 
Այսպիսով՝ ԱԱԾ-ի եւ Վրաստանի պաշտոնական հաղորդագրությունները հակասում են միմյանց, եւ այստեղ առավել հիմնավորվում են այն կասկածները, որ Սամվել Բաբայանին Հայաստան հրթիռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալելը ըստ էության քաղաքական հրահանգի արդյունքում կազմակերպված «շոու» է:
 
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վրաստանում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նուգզար Ցիկլաուրին հայտարարել էր, որ Բոլնիսի շրջանում (Քվեմո Քարթլի տարածաշրջան) նկատվել են ռուսական համարներով մեքենաներ, որոնք բեռ էին տեղափոխում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, դա եղել է «ԲՈՒԿ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիր: Ըստ նրա՝ բեռը Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվում:
 
Լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ստեղծված իրավիճակը Վրաստանում եւս բուռն քննարկումների առիթ է տվել. արդյո՞ք մեր հարեւան երկրով զինտեխնիկա անցկացվել է, թե՞ ոչ»:
 

Լրահոս

Դիտել ավելին