Կարևոր իրադարձություններ

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը խորհրդարանական ընտրություններին իր աջակցությունն է հայտնել ՀՀԿ-ին. (տեսանյութ)

23 Մարտ, 2017 12:48
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը խորհրդարանական ընտրություններին իր աջակցությունն է հայտնել ՀՀԿ-ին. (տեսանյութ)

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը տեսաուղերձ է հղել՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում։ Այս մասին հայտնում է lovearmenia.am կայքը։

Ուղերձում նա մասնավորապես ասել է.

«Հարգելի Նախագահ Սարգսյան,
Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,

Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաև կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր:

Ընդսմին ընտրությունները ձեր ժողովրդավարությունը փորձարկելու կարևոր հնարավորություն են ընձեռում: Էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ և թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան: Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունը կանի անհրաժեշտ ամեն բան՝ հենց այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար:

Եվ դա կարվի ոչ թե ձեր միջազգային գործընկերներին բավարարելու նպատակով, այլ ի շահ ձեր երկրի և ձեր քաղաքացիների: 


Առաջին հերթին դրանից կօգտվեն Հայաստանի քաղաքացիները:

Քանզի կայացած ժողովրդավարությունը կարող է դարձնել Հայաստանը ավելի ուժեղ: Ամրապնդել իրավունքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել դատական համակարգի անկախությունը և երաշխավորել երկրի քաղաքական կայունությունը։ Այս ամենը ուղղակի ազնիվ նպատակներ չեն:   Դրանք նաև միջոց են, որն օգտագործելով՝ Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային ներդրողների և արտասահմանյան ձեռնարկությունների համար, ինչը ձեր երկրում կապահովի տնտեսական աճ և նոր աշխատատեղեր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,

Իհարկե, գործընթացը, որի մասին ես խոսում եմ, հաջողությամբ պսակելու համար պահանջվում է բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների մասնակցություն և ներգրավվածություն:

Բայց, ինչպես ես սիրում եմ հիշեցնել իշխանություն կազմած մեր անդամ կուսակցություններին, մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն:

Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները: Դա մի դժվարին պատասխանատվություն է, բայց իմանալով ձեր ներգրավվածությունը և ակտիվ աշխատանքը ԵԺԿ-ի շրջանակներում, վստահություն եմ հայտնում, որ դուք կհաջողեք:

Ես ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից: Բայց դրա համար դուք պետք է կարողանաք լսել նրանց և արձագանքել նրանց մտավախություններին և սպասելիքներին:

Հարգելի ընկերներ, հաջողություն եմ ցանկանում ձեր բոլոր թեկնածուներին, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողանա շարունակել առաջնորդել ձեր երկիրը ճիշտ ճանապարհով:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին