Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի նախկին պաշտպանների առօրյայից

23 Մարտ, 2017 10:37
Քոչարյանի նախկին պաշտպանների առօրյայից

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է անդրադառնալ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորների գործունեությանը: Այսօր կվերհիշենք նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանի եւ նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանի խորհրդարանական գործունեությունը: Ի դեպ, նրանց երեքի լավագույն ժամանակներն էլ առնչվում են Ռ. Քոչարյանի նախագահությանը:

 
Վ. Օսկանյանը Հայաստան է եկել 1990-ական թթ. սկզբին եւ անմիջապես ներգրավվել Հայաստանի արտաքին քաղաքականության իրացման գործին: 1992-93թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի վարչությունում, 1993-94թթ. եղել ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության ղեկավար: 1994-97թթ.՝ ՀՀ ԱԳ փոխնախարար, 1997-98թթ.՝ առաջին փոխնախարար: 1993-2008թթ. որպես բանագնաց մասնակցել է Լեռնային Ղարաբաղի բանակցություններին: 1998թ. ի վեր, շուրջ 10 տարի, Օսկանյանը՝ որպես ՀՀ ԱԳ նախարար, եղել է Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ զինակիցը, պաշտպանել վերջինիս գրեթե բոլոր քայլերը: Օսկանյանը պակաս դերակատարություն չունեցավ նաեւ 2008թ. մարտի 1-ի շրջանում: Նա օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին փորձում էր համոզել, որ մարտի 1-ին անզեն ցուցարարների դեմ Քոչարյանի իրականացրած բռնարարքները եղել են տեղին: Հիշեցնենք, որ հենց Օսկանյանն էր մարտի 1-ի ողջ օրվա ընթացքում հանդես գալիս որպես իշխանության հիմնական խոսնակ:
 
Օսկանյանի ծառայությունները, սակայն, Սերժ Սարգսյանին այնքան էլ կարեւոր չթվացին, ինչի արդյունքում նրան կրկին նախարարի պաշտոն չառաջարկվեց: Դրանից հետո նա սկսեց ավելի շատ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ` հետագայում հանգրվանելով ԲՀԿ-ում: Օսկանյանը ակտիվորեն մասնակցում էր ԲՀԿ-ի «ընդդիմադիրացման» գործընթացին եւ նույնիսկ հավակնում էր դառնալ այդ կուսակցության թեկնածուն 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն «փողերի լվացման» հետ կապված հայտնի պատմությունը այդ ծրագրերը մեկնարկից առաջ արդեն վիժեցրեց: 2015թ. Սերժ Սարգսյանի անձնական հաշվեհարդարը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ուղղակիորեն դիպչեց նաեւ Օսկանյանին, որը հեռացավ ԲՀԿ-ից եւ հիմնեց սեփական կուսակցությունը: Վերջինիս շրջանակներում Օսկանյանը այսօր դաշնակցում է նախկին նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սեյրան Օհանյանի հետ` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչակարգի: Կրկին պատգամավոր դառնալու Օսկանյանի շանսերը, սակայն, այնքան էլ իրական չեն, առավել եւս երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նա պարտաճանաչ օրենսդիր, որպես այդպիսին, չի էլ եղել: 2012-17թթ. նա բացակայել է ԱԺ 589 նիստերից, կողմ քվեարկել 178 անգամ, դեմ` 40, ձեռնպահ` 110: 47 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Օսկանյանը 2 անգամ է ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից, 2 անգամ էլ հանդես եկել հարցապնդումներով:
 
 
 
Աղվան Վարդանյանը ՀՅԴ-ի ծանր հրետանիներից է, որը ՀՅԴ անդամ է 1990 թվականից, իսկ որպես պատգամավոր աշխատել է 1999-2003թթ.: 2003-08թթ. Վարդանյանը եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Ի դեպ, նա նաեւ ստեղծագործում է, հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, այս ոլորտում արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` 1989թ. ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակ, 2006թ. «Անանիա Շիրակացի» մեդալ: Նա ամբողջովին կրում է իր կուսակցության վարած քաղաքականության պատասխանատվությունը, պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, 2008թ. մարտի 1-ից հետո համաձայնել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելուն: Վարդանյանը վերջերս նույնիսկ հայտարարեց, թե բացի ՀՅԴ-ից՝ մնացած բոլորը «շան տղեք են»: Թերեւս նա պիտի կողմնորոշվի` ՀՀԿ-ին նույնպե՞ս այդ պատվին է արժանացնում, թե՞ ոչ` հաշվի առնելով վերջինիս հետ կոալիցիոն գործակցությունը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ լինելով` նա ՊՊԾ գնդի գրավման օրերին կշտամբում էր «Սասնա ծռերին»` պնդելով, որ «զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու»: Ոգեւորիչ է, որ պատերազմի օրերին գերագույն գլխավոր հրամանատարին ու Պնախարարին կախելու քարոզ տանող, բենզինի շշերով իշխանափոխություն իրականացնելու ձգտում ունեցող եւ մայրաքաղաքի հրապարակներում ցույցեր անող կուսակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եկել է այսպիսի համոզման: Թերեւս նրա այդ կարծիքը նոր չէ, եւ դրա արմատները պետք է գտնել նրա խորհրդարանական «դեմ ըլլալով կողմ ըլլալու» գործունեության մեջ: Այսպես՝ նա ԱԺ-ում կողմ է քվեարկել 393 անգամ, իսկ ձեռնպահ` 245: Դեմ լինելով 73 անգամ` նա քվեարկություններից հրաժարվել է 83 անգամ եւ բացակայել 170 նիստերից: Ինչ խոսք, 32 անգամ հանդես է եկել հարցերով եւ 23 անգամ էլ խոսել ԱԺ ամբիոնից:
 
 
 
Ռուբիկ Հակոբյանը 1990-95թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-99թթ. ՀՀ Աժ պատգամավոր, 1999-2000թ.` խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար: 2000թ. նշանակվել է ՀՀ գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում (ՌԴ), պաշտոնաթող եղել 2008թ.` վերադառնալով Հայաստան ու ակտիվ մասնակցություն ունենալով քաղաքական կյանքին: Դուրս գալով ՀՅԴ-ից` նա միացավ «Ժառանգությանը», դարձավ դրա փոխնախագահ, խմբակցության ղեկավար: 2015թ. նա լքեց նաեւ «Ժառանգությունը»` իր քայլը պատճառաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած տարաձայնություններով: 2016թ. նա արդեն գովերգում էր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան` պնդելով, որ դա իրավիճակի հրամայականն էր եւ ոչ ամենեւին պաշտոնների բաժանում: Այդուհետ լուրեր պտտվեցին, որ նա մտադիր է վերադառնալ ՀՅԴ` գալիք խորհրդարանում հայտնվելու ձգտմամբ: Հակոբյանը, սակայն, առաջադրված չէ այս անգամ եւ չի լինի 6-րդ գումարման խորհրդարանում: Ի դեպ, ամիսներ առաջ ԱԺ-ում նա կռվի էր բռնվել «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հետ, սակայն մեկ ամիս առաջ գործը կարճվեց ՀՔԾ-ում: Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ Հակոբյանը կողմ է քվեարկել 388 անգամ, դեմ` 172 եւ ձեռնպահ` 149: 113 անգամ հրաժարվելով քվեարկություններից` նա բացակայել է 141 նիստերից: Ի դեպ, 21 անգամ հարցապնդումներ է ներկայացրել` ԱԺ ամբիոնին մոտենալով 54 անգամ:
 

Լրահոս

Դիտել ավելին