Կարևոր իրադարձություններ

«Ո՞վ է թագավոր նստելու` Սե՞րժը, թե՞ Գագոն». կլիշեները հնչում են վերջին անգամ. «Առավոտ»

22 Մարտ, 2017 10:40
«Ո՞վ է թագավոր նստելու` Սե՞րժը, թե՞ Գագոն». կլիշեները հնչում են վերջին անգամ. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հետքը» վերջերս հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի, մասնավորապես, հայտնի է դառնում պատգամավորության թեկնածուների միջին տարիքը: Այդ տվյալներից պարզ է դառնում, որ ընտրական պրոցեսի ամենաերիտասարդ մասնակիցներն են «Ելքը» եւ «Ազատ դեմոկրատները», որտեղ կանանց եւ աղջիկների միջին տարիքը 40 տարեկանից ցածր է, իսկ տղամարդկանցը՝ այդ շեմից մի քիչ բարձր: Իհարկե, երիտասարդներ կան նաեւ այլ կուսակցություններում եւ դաշինքներում: Չգիտեմ՝ ում ինչպես, բայց ինձ առավել հաճելի է հարցազրույց վերցնել եւ ընդհանրապես շփվել հենց այդ տարիքի քաղաքական գործիչների հետ:

Նրանց հայացքը, իրականության ընկալումը թարմ է, «հետխորհրդային բարդույթները» նրանց չեն խանգարում, քննադատությունը կոշտ է, բայց զուրկ է ամբոխահաճո հայհոյախոսությունից եւ ապոկալիպտիկ պատկերներից («երկիրը կործանվում է», «եթե այս անգամ էլ իշխանությունը վերարտադրվի, ապա…»): Այն երիտասարդները, որոնց հետ ես շփվում եմ, բավականաչափ կրթված են` հասկանալու համար, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ամբողջությամբ չի վերարտադրվի:

Եվ հակառակը` իմ հասակակիցների մեծ մասն ինձ մոտենում է հետեւյալ հարցով` «ո՞վ է թագավոր նստելու` Սե՞րժը, թե՞ Գագոն»: Միայն ՀՅԴ-ն է իր վրա բեռ վերցրել` բացատրելու, որ ամեն դեպքում այլեւս «թագավոր» չի լինելու: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը միտումնավոր չեն բացատրում ժողովրդին խորհրդարանական համակարգի առանձնահատկությունները, որովհետեւ այդպես հեշտ է. քարոզչությունն այս պարագայում հիմնված է «բարի» եւ «չար» թագավորների, իշխանների, քյոխվաների հակադրության վրա:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասի ամենամեծ դժբախտությունն է տգիտությունը, կրթության պակասը: Խորհրդային դպրոցը տալիս էր մեզ գիտելիքներ տարբեր բնագավառներից, բայց խավարի մեջ էր պահում շատ կարեւոր, սկզբունքային հարցերում՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, եւ ինչպես պետք է այդ քաղաքացին իշխանություն ձեւավորի, որն է այդ հարցում նրա՝ քաղաքացու պատասխանատվությունը: Անկախ Հայաստանի դպրոցում նույնպես նման բաներ չեն սովորեցնում:

Կյանքն է սովորեցնում, եւ «Էլեկտրիկ Երեւանից» ու մանավանդ քառօրյա պատերազմից հետո իմ մեջ տպավորություն է ստեղծվել, որ մեր երեխաների սերունդն արդեն պատրաստ է ապրել բոլորովին այլ կանոններով, այլ երկրում:

Հին, «արշակսադոյանական» կլիշեները դեռ հնչում են: Բայց կարծում եմ՝ դրանք հնչում են վերջին անգամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին