Կարևոր իրադարձություններ

Պետության տակ դրվող դանդաղ գործողության ռումբը. Խաղից դուրս մնացած օդիոզները լուրջ վտանգ են. «Ժամանակ»

22 Մարտ, 2017 10:14
Պետության տակ դրվող դանդաղ գործողության ռումբը. Խաղից դուրս մնացած օդիոզները լուրջ վտանգ են. «Ժամանակ»

Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգն իր թեկնածուներով պատուհաս է դարձել մեր երկրի համար: Մարտի 5-ից ինչ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, օր չի լինում, որ տարբեր կուսակցությունների, անգամ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջեւ ինչ-որ միջադեպ չգրանցվի: Ընդհուպ գրեթե մահվան դուռը հասցնող դանակահարությամբ: Բայց սա ընդամենը այդ ընտրակարգի տխուր հետեւանքներն է: Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ այդ ռեյտինգային թեկնածուներից մեծ մասը դուրս մնա խորհրդարանից կամ չընդգրկվի պետական կառավարման համակարգում ընդհանրապես:

Այդ թեկնածուները երբեմն բավականին հզոր են, տիրապետում են ֆինանսական ու մարդկային լուրջ ռեսուրսների: Նրանք այդ ռեսուրսներն օգտագործելով՝ իշխանություններին ձայներ կբերեն: Փոխարենը նորից իշխանություն կպահանջեն:

Բայց իշխանությունները նրանցից ոչ բոլորին կարող են ԱԺ բերել: Կոնկրետ ՀՀԿ-ն եթե ինչ-որ հրաշքով կարողանա նորից 50+1 ձայն հավաքել, մեծամասնություն կազմել ու 54 մանդատ ստանալ, լավագույն դեպքում կարող է ԱԺ բերել առավելագույնը 25 ռեյտինգային թեկնածու:

Իշխանությունները ՀՀ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից լավագույն դեպքում կարող են ընդամենը 2 ռեյտինգային թեկնածուի մանդատ տալ: Այն էլ նրանցից ամենաազդեցիկներին: Բայց յուրաքանչյուրում մոտ մեկ տասնյակ թեկնածուներ են առաջադրել: Օրինակ, նման հնարավորություն կստանա Լոռու մարզը, որտեղ առաջադրվել են ՀՀԿ-ի երեք շեշտված թեկնածուներ՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը: Կ. Կարապետյանի ԱԺ գնալը միայն մի դեպքում կարելի է կասկածի տակ դնել՝ եթե դա ինքը չուզենա: Այս դեպքում, հավանաբար, Ա. Համբարձումյանը ԱԺ չի գնա:

Նույն պատկերն է նաեւ Շիրակում: ՀՀԿ-ի մեկ տասնյակից ավելի թեկնածուների շարքում ավելի ընդգծված են Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին երկուսն այնքան էլ ԱԺ գնալու ցանկություն չունեն: Ֆ. Ցոլակյանը բավարար կհամարի, եթե պաշտպանի նախագահականի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ Մ. Գրիգորյանը ցանկանում է մարզպետ դառնալ: Ամենայն հավանականությամբ մարզում մանդատը կտրվի Ա. Սահակյանին:

Կամ՝ Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքը, որտեղ առաջադրված են Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին եւ Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ա. Սահակյանը, թեեւ պատգամավոր եղել է ու թեեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել, այս անգամ չի ցանկանում ԱԺ վերադառնալ: Նա նույնպես ցանկանում է պահպանել պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը կամ գործադիրում այլ պաշտոն ստանալ: Եվ այսպես շարունակ մինչեւ ՀՀ բոլոր 13 ընտրատարածքները:

Իսկ մյուսնե՞րը: Ինչ են անելու ԱԺ-ից ու պետական կառավարման համակարգից դուրս մնացած իշխանական ռեյտինգային թեկնածուները, որոնց թվին կարող է դասվել Առաքել Մովսիսյանը, որին ընտրախախտում անելու համար ԿԸՀ-ն արդեն երկու անգամ նախազգուշացում է տվել: Ինչ են անելու Նահապետ Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Մուրադ Մուրադյանը, Մնացական Մնացականյանը, Միհրան Պողոսյանն ու նման շատ շատերը: Սրանց պետք է գումարել արդեն իսկ դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանին, Մհեր Սեդրակյանին ու այլոց: Նրանք գնալու են վայելելո՞ւ կուտակած միլիոնները, թե՞ նրանցից շատերը կարող է համալրել իշխանություններից դժգոհների բանակն ու միավորվել: Հատկապես, որ շատ թարմ օրինակ է Սեյրան Օհանյանը, ով պաշտոնից զրկվելու հաջորդ օրն իսկ դարձավ թունդ ընդդիմադիր եւ ներկա ու ապագա դժգոհներին Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ միասին իր մոտ է հրավիրում:

Ի միջի այլոց, գործող իշխանությունները միշտ են նման մտավախություն ունեցել իրենց օդիոզ դեմքերից, որոնք ունենալով մեծ ֆինանսներ՝ ամեն պահի կարող են պատուհաս դառնալ իրենց ու ողջ երկրի գլխին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին