Կարևոր իրադարձություններ

«Չի կարող թալանված, մենաշնորհներով լեցուն, մի քանի ընտանիքների ծառայող տնտեսություն ունեցող երկիրը հզոր բանակ ունենալ»

21 Մարտ, 2017 17:56
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
«Չի կարող թալանված, մենաշնորհներով լեցուն, մի քանի ընտանիքների ծառայող տնտեսություն ունեցող երկիրը հզոր բանակ ունենալ»

Մարտի 21-ին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Թալին, Արթիկ քաղաքներ։ 
Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը, ողջույնելով արթիկցիներին, նրանց է հղել ազատամարտիկների կոչը.

- Առաջին անգամ, երբ մեր հայրենիքին վտանգ էր սպառնում, 1990 թվականի սեպտեմբերի 20-ին, մենք` ազատամարտիկներս, երդում տվեցինք՝ զենքը վայր չդնել մինչև հաղթանակ, և պատերազմում մեր բազում մարտական ընկերների կյանքի, առողջության գնով կարողացանք հավատարիմ մնալ մեր երդմանը։

․․․Երբ Վազգեն Սարգսյանին հարցնում էին՝ հնարավոր է գա մի ժամանակ, երբ ազատագրված հողերը հետ վերադարձնելու խնդիր լինի, սպարապետը պատասխանում էր․ «Մենք այնքան ենք պարտվել, որ գիտենք՝ պարտվելուց հետո ինչ պետք է անել․ պիտի մեր մեջ մեղավորներ փնտրենք, ամեն մեկս մեզ արդարացնենք, խղճահարության ֆոն ստեղծենք, որպեսզի մեզ օգնեն․․․ ՄԻ անգամ հաղթել ենք, չգիտենք՝ հաղթելուց հետո ինչ են անում․․․»։

Հաղթելուց հետո մենք պիտի հզորացնեինք մեր երկիրը, մեր տնտեսությունը, զորավիգ լինեինք բանակին։ Սակայն մենք ունեցանք իշխանություններ, որոնք երկիրը բացարձակ թալանի վերածեցին, իսկ եթե չունես տնտեսություն, չունես միջոցներ, աշխարհի լավագույն պաշտպանական համակարգն էլ տեղակայես, չես կարող ժամանակակից սպառնալիքներին դիմագրավել, և մարդիկ շատ հաճախ պաշտպանության նախարարների կամ հրամանատարների վրա են բարդում նեգատիվ երևույթների մեղքը, որոնք կան բանակում։ Այդպես չէ, սիրելի' ժողովուրդ։

Չի կարող թալանված, մենաշնորհներով լեցուն, մի քանի ընտանիքների ծառայող տնտեսություն ունեցող երկիրը հզոր բանակ ունենալ։

Այդ պատճառով էլ այսօր բոլորս համախմբվել ենք այս դաշինքի շուրջ, որը համալրված է ազատամարտիկներով և դիվանագետներով, մարդկանցով, որոնք և' ներկայացնում են մեր երկիրը արտաքին աշխարհում, և' պաշտպանում են մեր երկիրը արտաքին վտանգներից։ Միավորվել ենք՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, հայացքներից և երկրորդ անգամ երդվել՝ այս անգամ մենք դատապարտված ենք մեր երկիրը ազատագրելու ներսից մեր տնտեսությունը քայքայող իշխանություններից։

Այսօր իրական հանցագորները ազատության մեջ են, իսկ 1200 ազատամարտիկներ փակված են զնդաններում՝ մեղադրվելով տարբեր հանցանքների մեջ։ Ի դեմս մեր մարտական ընկերների՝ թե զնդաններում փակված, թե ազատության մեջ գտնվող, թե մեր զոհվածների հոգիների, կո'չ ենք անում ձեզ, սիրելի' ժողովուրդ, համախմբվելու. համախմբվել և ապրիլի 2-ին թոթափել մեր ուսերից այն ծանր լուծը, որ տանում ենք։

Կո'չ ենք անում ձեզ, սիրելի՛ ժողովուրդ, որ ևս մեկ անգամ վստահեք մեզ։ Առաջին անգամ դուք մեզ վստահել եք, և մենք, հպարտ ձեր վստահությունից, հաղթել ենք պատերազմում։ Ես վստահ եմ, որ դուք ևս մեկ անգամ վստահելու եք մեզ՝ ազատամարտիկներիս, որպեսզի մեր մատաղ սերունդը էլ պատերազմ չտեսնի։ Իսկ մենք` ազատամարտիկներս, այս դաշինքին ենք վստահում ու երաշխավոր ենք։

Արթիկցիները ցնծությամբ են ընդունել ազատամարտիկների կոչը: Այնուհետև դաշինքի ղեկավարները նրանց են ներկայացրել իրենց թիմի ծրագրային առաջարկները:

Հանդիպման ավարտին գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը սպառիչ պատասխաններ է տվել քաղաքացիների հարցերին և քննադատություններին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին