Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

21 Մարտ, 2017 10:38
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (21 մարտ 2017թ.)
Մեծ պահք, օր քսաներեքերորդ

«Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին՝ փոթորկի ու ամպի միջից. «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է Ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե Ինձնից պահում է դրանք։ Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր Ինձ։ Որտե՞ղ էիր դու, երբ Ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ Ինձ, եթե խելամիտ ես ու իմաստուն։ Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա։ Ինչի՞ վրա է հաստատվել դրա օղակը, ո՞վ է դրել դրա անկյունաքարը։ Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակներն Ինձ մեծաձայն օրհնաբանեցին, Իմ բոլոր հրեշտակներն էլ գովաբանեցին։ Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ։ Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրև խանձարուր։ Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, և ասացի. «Կգաս մինչև այդ վայրն ու այլևս առաջ չես անցնի». այդտեղ, քո մեջ կխորտակվեն քո ալիքները։ Թե քո՞ կողքին կարգեցի առավոտյան լույսը։ Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը՝ հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ Կամ թե դո՞ւ ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին և, խոսուն, զետեղեցիր երկրի վրա։ Մերժեցի՞ր ամբարիշտներին լույսը, խորտակեցի՞ր ամբարտավանների բազուկները։ Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր անդունդների խորքերը։ Քո առաջ ահով բացվելո՞ւ են մահվան դռները. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։ Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածության. ասա՛ Ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։ Ո՞րն է այն երկիրը, ուր լույսն է օթևանում, կամ ո՞րն է խավարի տեղը։ Տանելո՞ւ ես Ինձ նրա սահմաններին, եթե գիտես դրանց ճանապարհները։ Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել. քո օրերը բազո՞ւմ են։ Գնացե՞լ ես ձյան շտեմարանները, կամ տեսե՞լ ես կարկտի պահեստները։ Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։ Որտեղի՞ց է դուրս գալու եղյամը, կամ տարածվելու է հարավային հողմը երկնքի ներքո։ Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ամպրոպների ճանապարհները, որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա, որ հագեցնի անկոխ ու անշեն հողը, այնտեղ բխեցնի դալար բույսը։ Ո՞վ է անձրևի հայրը, և ո՞վ է, որ ծնունդ է տվել ցողի շաղերին։ Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառույցը, և ո՞վ է երկնքում եղյամ ծնել, որ ջրի պես հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։ Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղյանի կարգին, բացե՞լ ես Հայկ համաստեղության քողը։ Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառավիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ։ Կիմանա՞ս երկնքի բարեշրջությունները կամ առհասարակ երկնքի ներքո տեղի ունեցածները։ Ձայնովդ կկանչե՞ս մեգը. նա էլ, սարսուռով համակված, ջրի հորդությամբ կլսի՞ քեզ։ Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ՝ թե ինչ է սա։ Ո՞վ է կանանց տվել ոստայնանկության հմտություն ու երփներանգ գործվածքներ ստեղծելու շնորհ։ Ո՞վ է հաշվում ամպերն իմաստությամբ։ Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրա, հողը փոշու պես թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպես խորանարդ քարերը՝ իրար։ Կերակուր կորսա՞ս առյուծների համար, վիշապների մարմինը կկշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած։ Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։ Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։ Գիտե՞ս քարայծների ծննդաբերության ժամանակը կամ լավ հետևե՞լ ես եղնիկների երկունքին։ Կարո՞ղ ես լրիվ թվել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել նրանց երկունքը։ Առանց երկյուղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցավերից։ Ազատություն կունենան նրանց ձագերը, ծնելով՝ կբազմանան, դուրս կգան ու այլևս չեն վերադառնա։ Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել նրա կապանքները։ Նրան իբրև կայան սահմանել եմ առապարները, իբրև բնակավայր՝ աղուտները։ Նա ծաղրում է քաղաքների խաժամուժին ու չի լսում հարկահանների մեղադրանքները։ Դիտում է իր լեռնոտ արոտավայրերը ու շրջում է՝ ամեն դալարիք փնտրելու։ Միեղջերուն հոժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մեջ։ Չվանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում։ Հույսդ կդնե՞ս նրա վրա, քանի որ նրա զորությունը մեծ է, և նրան կթողնե՞ս քո բոլոր գործերը։ Կհավատա՞ս, որ սերմանվելիքներդ հատուցելու է ու հավաքելու քո կալում։ Գեղեցիկ են թռչող նեեղասների թևերը. եթե ասիդն ու նեեսան էլ բեղմնավորվում են, արժե տեսնել, որովհետև նեեսան իր ձվերը գետնին է դնում, հողով տաքացնում է ու մոռանում, թե ոտքի տակ ցրիվ կգան, և անապատի գազանները կկոխոտեն դրանք։ Նա հեռանում է իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստյան վախը նա չունի, որովհետև Աստված նրանից վերցրել է իմաստությունը և խելքի բաժին չի տվել նրան։ Բայց երբ դեպի վեր ու բարձունքներ բարձրանա, կծիծաղի երիվարի ու հեծյալի վրա։ Միթե դո՞ւ ես ձիուն օժտել զորությամբ, պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինություն գցել, նրա լանջը փառավոր դարձրել ու նրան խիզախություն տվել։ Որոտում է դաշտում ու դոփում, զորությամբ դուրս է գալիս դաշտ։ Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ նա չի նահանջում։ Նրա վերևում շողշողում են աղեղն ու սուրը, շարժվում՝ վահանն ու նիզակը։ Իսկ ինքը բարկությամբ գետինն է փորփրում։ Չի հավատում մինչև փողը չհնչի։ Իսկ երբ փողը հնչում է, «վա՜շ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։ Քո խելքի՞ց է, որ բազեն թևերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարավի կողմը, կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձավներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բույնի վրա, մնում է այնտեղ ու կեր է փնտրում։ Նրա աչքերը դիտում են հեռվից, իսկ նրա ձագերը զոհի արյան մէջ են թաթախված։ Ուր որ դիակ գտնեն՝ իսկույն այնտեղ են հայտնվում» (Գիրք Հոբ մարգարեի 38:1-39:30)

 

Լրահոս

Դիտել ավելին