Կարևոր իրադարձություններ

«Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, և ոչ մեկը իրավունք չունի այն շահարկելու». Սեյրան Օհանյան

21 Մարտ, 2017 10:29
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
«Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, և ոչ մեկը իրավունք չունի այն շահարկելու». Սեյրան Օհանյան

Առանձնահատուկ ջերմությամբ է անցել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամների հանդիպումը Ապարան համայնքում: Հերոսական պատմություն ունեցող այս հողի վրա ներկաներին իրենց ողջույնի խոսքն են հղել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամները և քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը՝ երկու սերունդներ, որոնք անձնուրաց պայքարով կերտել են Արցախյան հաղթանակը և այսօր էլ սահմանը անառիկ են պահում:

-... Ես ունեցել եմ մարտական ընկերներ, ովքեր պատերազմի ամենադժվար, ամենածանր պահերին իրենց դրսևորել են առյուծ տղաների նման: Նրանցից շատերը այսօր կանգնած են մեր շարքերում են: Մեր մեջ մենք գիտենք, թե ինչ ենք արել ու ինչքան ենք արել: Մենք սովորել ենք մեր հրամանատարներից, մեր մեծերից: Բոլորս էլ հիշում ենք՝ ինչպես մի գիշերվա մեջ եկան, մեզ միացան, սարերի նման մեր մեջքին կանգնեցին մեր մեծերը, իսկ մանուկները մեզ նամակներ էին ուղարկում, մենք կարդում էինք, ու դա մեզ ուժ էր տալիս,- հիշում է Մանուել Մանուկյանը:- Պատերազմի ժամանակ ես եղել եմ առաջին գծում, և իմ ընկերներից շատերը իրենց կյանքն են տվել այս երկրի համար, այն մարդկանց համար, ովքեր արժանի են այս հայրենիքը ունենալուն:
...Նրանք հիմա երկնքից մեզ են նայում, և նրանց կամքն է, որ մենք պայքարենք և շենացնենք, զարգացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը՝ մեր սրբավայրը:

Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որի որդիները գործող բանակի սպա են և ապրիլյան պատերազմի օրերին էլ կանգնած են եղել առաջին գծում, լսելով զինվորի անկեղծ մտորումները և հասկանալով նրան, շարունակում է.

-Ճիշտ են ասում, որ խաղաղություն ամենից շատ սիրում է զինվորը: Ով կարող է ավելի շատ երազել խաղաղության մասին, եթե ոչ այն կառույցը, որ առաջինն է տուժում պատերազմական գործողություններից՝ իր վրա կրելով բոլոր հարվածները: 
Մեր պապերի քաջագործություններն ու հաղթանակները այսօր ամրագրվում են մեր երիտասարդ սպաների և զինվորների կողմից: Իրենց կուրծքը վահան դարձրած՝ նրանք կանգնած են սահմանին և ապահովում են մեր հայրենիքի անվտանգությունը: Եվ այսօր, խոսելով քառօրյա պատերազմի մասին, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, քանի որ մեր որդիները՝ զինվորներն ու հրամանատարները, կարողացան ետ մղել թշնամուն և ձախողել նրանց հիմնական նպատակները: 
Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, և ոչ մեկը իրավունք չունի այն շահարկելու:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին