Կարևոր իրադարձություններ

Մինչ տուն գնացող Կարեն Կարապետյանը չբավարարված է թողնում իրեն սիրահարված կանանց, Միհրան Պողոսյանն իր փողաշատ մատն է թափ տալիս ողջ հասարակության վրա. Նախընտրական սենսացիաների TOP 10

18 Մարտ, 2017 22:00
Մինչ տուն գնացող Կարեն Կարապետյանը չբավարարված է թողնում իրեն սիրահարված կանանց, Միհրան Պողոսյանն իր փողաշատ մատն է թափ տալիս ողջ հասարակության վրա. Նախընտրական սենսացիաների TOP 10

 Ահա այսպես կծիծաղեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, եթե տեսներ մեր նախընտրական սենսացիաները: Քաղաքական գաղջի այս պայմաններում դեռ պատահում են դրվագներ, որոնց հերոսներին Արփինե Հովհաննիսյանը հանգիստ կարող էր ասել՝ «Դեմք եք դուք, լսի՛»: Եվ այսպես.

 

1.Լևոն Երանոսյան

Ջրառատում ծեծկռտուքը, իսկ այնուհետև կրակոցները դարձան այս ընտրությունների հերթական էպիկենտրոնը, որտեղ իշխանության նվիրյալները բախվեցին ՕՐՕ դաշինքի քաջերին, և հիվանդանոցում հայտնվեցին երեքը ՕՐՕ-ից և մեկը ՀՀԿ-ից: Ողջ սկանդալը պտտվեց Ոստիկանապետի տխրահռչակ տեղակալ Երանոսյանի և նրա եղբոր՝ Լեռնիկի շուրջ: Փոխոստիկանապետ Երանոսյանը հայտարարեց, որ այդ ամենի հետ կապ չունի և տեղյակ չէ եղբորից, սակայն ամենաարյունալի օրը տեսախցիկը նրան ֆիքսեց  ամենաթեժ կետում:

 

2.Գագիկ Ծառուկյան

Կոտայքի առյուծն իր հաղթարշավով անցնում է ողջ երկրով, և նրա ոտքերի տակ են նետվում կարիքավոր ու սովահար բազմաթիվ հայաստանցիներ: Թագավոր Ծառուկյանից ամենուր խնդրում են օգնություն և նրան դիմում նույնիսկ այն դեպքում, երբ յոթ տարի չեն կարողանում երեխա ունենալ: Նրա քարոզարշավի բազմաթիվ սենսացիոն էպիզոդների մեջ հատկապես քննարկվեց մի հետաքրքրաշարժ պահ: Նա հորդորեց չքաղաքականացնել իր քարոզարշավը, երբ իր ընտրողներից մեկը ցանկացավ քննադատել Սերժ Սարգսյանին:

 

3.Միհրան Պողոսյան

Երբ նրա քարոզարշավի ժամանակ բեմ բարձրացավ ապրիլյան պատերազմի զոհերից մեկի մայրը և գովաբանեց ԴԱՀԿ նախկին պետին, հասարակությունը լուրջ ցնցում ապրեց: Ոմանք անբարոյականություն որակեցին զոհվածների հարազատներին ընտրապայքարի մեջ ներքաշելը, իսկ Պողոսյանն այդ որակումը որակեց սև փիար և անբարոյականություն՝ իր փողաշատ մատը թափ տալով բոլորի կարծիքների ու որակումների վրա:

 

4.Ռոլանդ Գասպարյան «Ռեինկարնացիա»

Մեծագույն սենսացիա դարձավ Հանրապետական կուսակցության քարոզչական տեսահոլովակը, որտեղ երգում էր սիրված ռոք խումբը, և հայտնվել էին նաև Լևոն Արոնյանն ու Արթուր Աբրահամը: Սակայն առավել մեծ աղմուկ բարձրացրեց «Ռեինկարնացիա» խմբի արձագանքը, որով նրանք հորդորում էին չքաղաքականացնել իրենց ակնհայտ քաղաքական մասնակցությունը երկրի ամենաիշխանական նախագծում:

 

5.Նիկոլ Փաշինյան

Նախ նա Գագիկ Բեգլարյանին նմանեցրեց Գորբաչովին՝ պնդելով, որ երկուսն էլ իրենց հարցերը լուծել են չկառուցված կամուրջների ու ճանապարհների հաշվին: Այնուհետև, նա մագլցեց բակային կտուրների վրա, որպեսզի ապահովի իր ԵԼՔ-ի մուտքը խորհրդարան: Վերջում էլ, նախանձելով ՕՐՕ-ի սենսացիոն հաջողությանը Ջրառատում՝ իր թիմի հետ փորձեց սեփական քարոզչական սկանդալը ստեղծել սպորտդպրոցում, որի արդյունքում երկու հայհոյախոս կին բերման ենթարկվեցին:

 

6.Կարեն Կարապետյան

Նրա նվագը «Ռեինկարնացիայի» քարոզչական տեսահոլովակում, նրա համով-հոտով հանդիպումները երկրի տարբեր քաղաքներում, նրա ուրախ ժիպտն ու դեմիրճյանական արտաքինը ապահովեցին թարմություն ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ողջ նախընտրական գործընթացի համար: Քարոզչության այս փուլում ամենամեծ սենսացիան դարձավ այն հարցը, թե  վարչապետը ինչպե՞ս է բավարարելու իրեն  սիրահարված ութսուն տոկոս կանանց:

 

7.Սամվել Բաբայան

Նա ամենախարիզմատիկն է ՕՐՕ դաշինքում, չնայած ֆորմալ առումով ոչ մի կապ չունի այդ դաշինքի հետ: Նա բազմիցս հայտարարել էր, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, սակայն Ջրառատի դեպքերից հետո բացեիբաց միացավ ՕՐՕ-ին և սկսեց խոսել դաշինքի անունից: Այդ կապակցությամբ նրա մի քանի ագրեսիվ հայտարարությունները նրան դարձրեցին այս ընտրությունների ամենահետաքրքիր կերպարներից մեկը:

 

8.Տիգրան Մուկուչյան

Նրան հիշեցին, քանի որ նա համարձակվեց նախազգուշացում տալ մեծն Ծառուկյանին, որ վերջինս իր քարոզարշավի ընթացքում մարդկանց օգնելու խոստումներ չտա: Ծառուկյանն էլ վրդովված սկսեց իր բոլոր հավաքների ժամանակ մարդկանց խնդրանքները մերժել՝ մեղադրելով Մուկուչյանին: Մուկուչյանն էլ օբյեկտիվ երևալու համար նախազգուշացրեց նաև Շմայսին, որ այլևս ասֆալտ փռելու խոստումներ չտա: Ահա այսպիսի նախընտրական կրքեր:

 

9.Կարեն Կարապետյան

Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը և Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամը ցնցող անկեղծությամբ պատասխանեց լրագրողների հարցերին՝ խոսելով վարկաբեկված Հանրապետականի, երկրում համատարած թալանի և իր ընտրվելու գործում Հանրապետականի բացասական ազդեցության մասին:

 

10.Ժիրայր Սէֆիլյան

Ընտրությունները բոյկոտող Սէֆիլյանն ու «Սասնա Ծռերը» կարծես թե կատարել են իրենց ընտրությունը և գտել են իրենց նախընտրելի քաղաքական ուժին: Ջրառատի հայտնի դեպքերից հետո Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն իրենց սենսացիոն աջակցությունը հայտնեցին ՕՐՕ դաշինքին, սակայն գյուղացիական ընդվզման հերոսները ժամեր անց հաշտություն կնքեցին Լևոն Երանոսյանի և իշխող ռեժիմի հետ՝ հրաժարվելով իրենց հեղափոխական բոլոր նկրտումներից:

 

Այս բոլոր սենսացիաները և ողջ նախընտրական գործընթացը խամրեց, երբ մարդիկ տեղեկացան Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Շատերն ավելի բարկացան ներկայիս իշխանությունների վրա, ոմանք ավելի հիասթափվեցին քաղաքականությունից, իսկ ոմանք էլ հավատացին, որ Հաց բերողի ինքնազոհաբերումը երկիրը էժանագին սենսացիաներից կտանի դեպի իրական վերափոխման: 

 

Լրահոս

Դիտել ավելին