Կարևոր իրադարձություններ

Ով ինչ շանսեր ունի գալիք ընտրություններում. Իշխանապայքարի գեներալների TOP 10

04 Մարտ, 2017 20:00
Ով ինչ շանսեր ունի գալիք ընտրություններում. Իշխանապայքարի գեներալների TOP 10

Իշխանությունը ցանկանում են վերցնել տասը ուժեր, որոնցից ինն ընտրությունների միջոցով, իսկ մեկը՝ բոյկոտի ու հեղափոխության: Այս պահին կարելի է կանխատեսել, որ ըստ իրենց հավաքած մարդկանց ու քվեների, այդ տասը ուժերը կդասավորվեն հետևյալ հերթականությամբ: Եվ այսպես.

 

1.Վիգեն Սարգսյան և ՀՀԿ

Իշխանությունը իր ցուցակի առաջին հնգյակը կարողացել է օծել դրական կերպարներով, սակայն երկրորդ հնգյակից սկսած ամեն ինչ նույնն է: Չնայած ժողովուրդն անվերջ տրտնջում է իշխանությունից, սակայն շատերը դարձյալ քվեարկելու են հենց այդ նույն իշխանության օգտին, քանի որ ռեյտինգային սիստեմը նպաստում է նրան, որ մարդիկ, քվեարկելով իրենց խնամու, ծանոթի, բարեկամի ու ավտարիտետի համար, ի վերջո հաղթանակ ապահովեն իշխանական կուսակցությանը:

 

2.Գագիկ Ծառուկյան և «Ծառուկյան դաշինք»

Ներկայիս ընտրական չափանիշների ու բարքերի պարագայում Ծառուկյանն ունի ամենամեծ ընտրազանգվածն ու հաղթանակի պոտենցիալը: Ավելին, որպես մարդ նա ունի իրեն անկեղծորեն համակրողների և նվիրյալների ամենաստվար զանգվածը: Այն պարագայում, երբ հավաքած ձայներն ուղիղ համեմատական են ընտրվող անձի և ուժի հարստությանը, կարելի է վստահաբար կանխատեսել, որ Ծառուկյանն իր ցուցակով լինելու է առնվազն երկրորդը այս փողա-ավտարիտետային ընտրավազքում: 

 

3.Արթուր Բաղդասարյան և ՀՎԿ դարձած ՕԵԿ

Նա էլ ունի փող, բիզնեսներ, մարդկային ռեսուրսներ, հեռուստաընկերություն, և այդ ամենը գալիք ընտրություններում նրա համար կապահովի երրորդ հորիզոնականը, ինչպես դա եղավ Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքներով: Ոմանք կնվնվան ու կասեն, որ դա անհնար է, քանի որ ՕԵԿ-ը վարկաբեկվեց, երբ 2008-ին թունդ ընդդիմադիրի դերից դուրս գալով՝ մտավ իշխանական կոալիցիա, սակայն նախ՝ ՕԵԿ-ը ձեռքի թեթև շարժումով դարձել է ՀՎԿ, բացի այդ, այսօրվա գրեթե բոլոր ընտրվողներն են վարկաբեկված, և ի վերջո, Հայաստանյան ընտրություններում ոչ ոքի չի հետաքրքրում, թե ով ինչ քաղաքական ճանապարհ է անցել:

 

4.Էդմոն Մարուքյան և «ԵԼՔ»

«Ելք» դաշինքն իր նոր դեմքերով հավակնում է այս ընտրություններում ներկայանալ որպես միակ լուրջ ընդդիմադիր ուժ: Նա այդ դափնին կարողացավ խլել «Համախմբումից» և «Ժառանգությունից», երբ այդ երկու իրապես ընդդիմադիր ուժերն իրենց առաջնորդ կարգեցին Սեյրան Օհանյանին: Ճիշտ է, մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա դաշիքնի առաջնորդ Էդմոն Մարուքյանին փաստերով մեղադրում էր իշխանությանը ծառայելու մեջ, բայց ընդդիմադիր այլընտրանքի ի սպառ բացակայության պայմաններում ընտրություններին ստիպողաբար մասնակցողների միակ ելքը կարող է դառնալ հենց այս «ԵԼՔ»-ը:

 

5.Ժիրայր Սէֆիլյան և չմասնակցողներ

Ծանոթանալով ընտրություններին մասնակցող ուժերին և դրանց կազմին՝ հասկանալի է դառնում, թե ինչու ընտրողների ու քաղաքական գործիչների մի հոծ բազմություն հրաժարվեց որևէ կերպ մասնակցել այս ընտրություններին: Սէֆիլյանն ու նրա ընկերները, ովքեր տարիներ շարունակ իրականացվող ընտրախախտումների պարագայում պարզապես չեն հավատում ընտրություններով որևէ իրական փոփոխության հասնելուն, կարող են դառնալ ազդեցիկ քաղաքական բևեռի առաջնորդներ և իրենց ընտրական բոյկոտով ապրիլին զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը: 

 

6.Լևոն Տեր-Պետրոսյան և ՀԱԿ-ՀԺԿ

Իշխանության հետ կարճատև սիրախաղից հետո ՀԱԿ-ի անսխալ առաջնորդն անձամբ է մտել ընտրապայքարի մեջ և նորից փորձում է Հայաստանը տանել խաղաղության: Որքան էլ ոմանց դավաճանական թվա Ղարաբաղի լուծման հողատվական ցանկացած սցենար, այնուամենայնիվ ՀԱԿ-ն այս ընտրություններում ևս կարող է հաղթահարել մինիմալ շեմը՝ հաշվի առնելով Լևոն պապի նվիրյալների կայուն քանակը, Ադրբեջանի հետ պատերազմից ազատվելու ոմանց անհամբեր ցանկությունը, ՀԱԿ-ի մի քանի առաջատարների շատ համով հակաիշխանական ելույթները և իշխանության ներկայիս բարեհաճ վերաբերմունքը:

 

7.Արմեն Ռուստամյան և ՀՅԴ

Շատերը կհարցնեն, թե իշխանության հետ բաց կոալիցիայի մեջ մտնելուց հետո էլ ո՞վ պիտի ձայն տա ծերուկ Դաշնակցությանը: Բայց ՀՅԴ-ն այն ուժն է, որն ունի իր կայուն ընտրազանգվածը, իր սփյուռքի հսկայական աջակցությունը, մի քանի նախարարությունների ու մարզպետարանների ադմինռեսուրսն ու իր հեռուստաընկերությունը: Այս ամենը կարող է հարյուրամյա կուսակցությանը ևս մեկ անգամ ապահովել խորհրդարանական խրախճանքի նոր հնգամյակ և շահավետ նոր դիրքավորում իշխանական կերակրատաշտի շուրջ:

 

8.Սեյրան Օհանյան և ՕՐՕ

Որքան էլ Սամվել Բաբայանն իր ազդեցիկ կերպարով թաղային հեղինակություններ աշխատացնի այս տարօրինակ անվանումով դաշինքի համար, որքան էլ Արմեն Մարտիրոսյանն իր երկար տարիների ընդդիմադիր պայքարը մատաղ անի Սեյրան Օհանյանի ոտքերի տակ, որքան էլ Վարդան Օսկանյանն իր խելացի ճառերով ու սփյուռքահայկական ճկունությամբ լղոզի անցյալի սխալներն ու մեղքերը, միևնույն է՝ ընտրողները չեն մարսի Օհանյանի իշխանական ոչ վաղ անցյալը: Այդուհանդերձ, մինչև վեց տոկոս հնարավոր է քվեարկի նրանց օգտին, քանի որ իշխանությունն ամենաշատը բարկացած է հենց այս թիմի վրա և ամենաշատը հարվածում է հենց նրանց:

 

9.Խաչատուր Քոքոբելյան և «Ազատ դեմոկրատներ»

Այս դաշինքում մի հաճելի կին՝ Անահիտ Բախշյանը, և մի խելացի տղամարդ՝ Հրանտ Բագրատյանը, կարող են, իհարկե, գրավել ինտելեկտուալ և ազատական որոշակի զանգվածին, որը երբեք չի գերազանցի ընտրողների մեկ տոկոսը: Իրական ընդդիմադիրներից՝ «ԵԼՔ»-ից և ՕՐՕ-ից այդ մեկ տոկոսը տանելը բարի ծառայություն կլինի իշխանությանը և ձեռքի հետ էլ կօգնի հասարակությանը՝ զուտ լուսավորչական, դաստիարակչական և գիտամանկավարժական տեսանկյունից:

 

10.Տաճատ Սարգսյան և Կոմունիստներ

Այո՛, կոմունիստները դեռ գոյություն ունեն: Կապ չունի, որ նրանց գրեթե ոչ ոք չի հիշում և չի ճանաչում: Արժեր վերակենդանացնել կոմունիզմի ուրվականը և թույլ տալ, որ այն շրջի ընտրատենդից խելագարված Հայաաստանում: Այդպիսով մի տաս հազար ընդդիմադիր պապիկ-տատիկի ձայն էլ կփոշիացվի, իսկ նախընտրական քարոզչության պատկերը անդառնալի կխճճվի, և ընտրությունները կդառնան էլ ավելի գողական ու անգաղափար: 

 

Լրահոս

Դիտել ավելին