Կարևոր իրադարձություններ

Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է. Րաֆֆի Հովհաննիսյան

01 Մարտ, 2017 18:00
Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հիշատակի ուղերձով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերին.

«Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է: Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, հետանկախական շրջանում իշխանությունը յուրացրած բռնապետական վարչակարգերի խարանն է:

Չնայած Հայաստանի հանրության և միջազգային կառույցների հետևողական պահանջներին, այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց և չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ 50-ի, իսկ ցույցի ավելի քան երկու հարյուր մասնակիցներ ենթարկվեցին բանտարկության, ապօրինի դատավճիռների ու հետապնդումների:

Մարտիմեկյան բռնարարքների տրամաբանությունը այդ հանցագործության շահառու իշխանությունները, ինչպես սպասվում էր, հետագայում զարգացրին ընդդեմ քաղաքական հակառակորդների և այլախոհների իրենց պայքարում, ընտրակեղծիքներ կատարելիս, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների և 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելիս, նաև կեղծարարության դեմ մարդկանց բողոքի գործողությունները ճնշելիս: «Ժառանգության» և նրա նոր զինակիցների կողմից ապրիլի 2-ին իշխանափոխության իրականացումը թույլ կտա ապահովել բոլոր անհրաժեշտ քաղաքական և իրավական պայմանները այս հանցագործության բացահայտման և մեղավորներին՝ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Արդեն ինը տարի «Մարտի 1»-ը մեզանում լայնորեն նշվում է որպես 2008 թվականի գարնան առաջին օրվա՝ մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:

Իմ խորունկ խոնարհումը բոլոր ընկածների պայծառ հիշատակի առջև և հավաստիացումն առ այն, որ հեռացող ժամանակն անզոր է խամրեցնելու կամ մոռացության տալու նահատակների անունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին