Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ներդրվում են ազդարարման նոր թվային համակարգեր

01 Մարտ, 2017 16:31
Հայաստանում ներդրվում են ազդարարման նոր թվային համակարգեր

ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, իրականացնում է Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման ծրագիր: Դրա համաձայն՝ Երևանի փոքր կենտրոնում, Կապան, Ստեփանավան, Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի խոշորացված մյուս բնակավայրերում՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք, ինչպես նաև Սյունիքի մարզի Սյունիք համայնքում ներակայումս տեղադրվում է ազդարարման 22 սարքավորում, որոնք միացվում են ՀՀ ԱԻՆ ազդարարման կենտրոնական կառավարման համակարգին: Դա նախարարությունում գործող փակ ցանց է, որով կառավարվում են ՀՀ-ում տեղադրված բոլոր վերջակետային ազդարարման սարքավորումները:

- Ունենք ազդարարման կառավարման եռաստիճան համակարգ՝ առաջինը հանրապետական, երկրորդը՝ մարզային (որոշ դեպքերում` համայնքային կառավարման) և երրորդը` հատուկ կարևորագույն օբյեկտների կառավարման համակարգ: Անհրաժեշտ գույքը մատակարարված է, և ներկայումս նախարարությունն իրականացնում է սարքավորումների տեղակայման, փորձարկման և դրանց ընդհանուր ցանցի մեջ ներդրման աշխատանքները,- նշեց ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Սմբատ Պետրոսյանը:

Խորհրդային տարիներին հանրապետությունում կառավարման ազդարարման համակարգերը տեղադրված են եղել նախկին վարչական շրջանների փոստային հանգույցներում, իսկ հանրապետականը՝ Երևանի փոստային հանգույցում.


- Դրանք ստեղծված էին պղնձալարային հենքի վրա: Կարելի է ասել` պղնձալարային տնտեսությունն իսպառ վերացել է, տեխնոլոգիաները զարգացել, և խնդիր է դրվել դրանք փոխարինել թվային համակարգով: Այժմ վերջնակետային սարքավորումներին վերագրվում են թվային հասցեներ (TCP/IP) և դրանք հատուկ ցանցի (հիբրիդային) լարային ու անլար կապուղիներով միացվում են ԱԻՆ գերատեսչական, օպտիկական հենքի վրա ստեղծված ցանցին,- տեղեկացրեց Ս. Պետրոսյանը:

Սյունիքի մարզում ազդարարման համակարգերը տեղադրվել են Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DIPECHO) կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:

Բոլոր քաղաքային համայնքներում, շչակային ազդարարման համակարգերից բացի, տեղադրվում են նաև ձայնային ազդարարման համակարգեր: Դրանք նախատեսված են առաձին դեպքերի համար, և պետք է մշակվեն ազդարարման հատուկ/պայմանական սցենարներ: 

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի կողմից «Կատալիտիկ ֆոնդի» շրջանակներում ֆինանսավորվող «Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրով տեղադրվել է վերջակետային ազդարարման 4 սարքավորում, որոնք ամբողջովին ընդգրկում են Ստեփանավան քաղաքը և միաժամանակ դառնում փորձնական մոդուլ քաղաքային մակարդակում ամբողջական ազդարարման համակարգ ունենալու ուղղությամբ: Նույն ծրագրով նախատեսված Դիլիջանի խոշորացված համայնքում ազդարարման համակարգի ներդրման աշխատանքներն ավարտվեցին փետրվարի վերջին:

Նախկինում իրականացված այլ պիլոտային ծրագրերի շրջանակներում Երևանում ևս ներդրվել են ազդարարման համակարգեր, իսկ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ԱՌՆ գործընթացում» տարածաշրջանային ծրագրով տեղադրվել է շչակային ազդարարման 3 սարքավորում:

- Կարծում եմ այս ծրագիրը շարունական կլինի, որովհետև արձագանքները շատ դրական են: Շնորհակալ ենք ՄԱԶԾ-ին` հետևողական և լուրջ աշխատանքի համար: Վստահ եմ, որ այսքանով կանգ չենք առնի և հետագայում կլինեն նոր ծրագրեր սահմանամերձ համայնքների, ջրամբարների և մեծ պոչամբարների ծածկման տիրույթում հաշվառված համայնքների, սողանքային բարձր ռիսկայնության համայնքների տարածքներում ազդարարման համակարգերի ներդրման համար,- ասաց Ս. Պետրոսյանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին