Կարևոր իրադարձություններ

«Ձայնաորսությամբ են զբաղված, այս կարգի տոտալ հարձակում երբեք չի եղել». Արամ Մանուկյան

01 Մարտ, 2017 14:12
«Ձայնաորսությամբ են զբաղված, այս կարգի տոտալ հարձակում երբեք չի եղել». Արամ Մանուկյան

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրակաշառքների բաժանման մասին լուրերին, ասաց․ «Հիմնարկներով, բակերով, ծանոթներով ձայնաորսությամբ են զբաղված։ Այս կարգի տոտալ հարձակում երբեք չի եղել։ Քանի որ ընտրատեղամասերում քչացել է կեղծիքների հնարավորությունը, ցուցակների հրապարակումը և ամբողջ գործընթացի նկարահանումը դժվարացրել են կեղծարարների գործը, նրանք հարձակվել են քաղաքացիների վրա։ Կարծում եմ՝ ազդել է նաև պատգամավորների թվի կրճատումը, եթե 131-ը դառնում է 100, մրցակցությունը թեժանում է, դա ազդում է գնի վրա և առաջարկվող կաշառքի չափը բարձրացել է»։

Մանուկյանը նշեց, որ խիստ վերահսկողություն է լինելու միջազգային կառույցների կողմից, ինչը ևս զսպիչ դեր ունի․ «Այսօր կարդացի ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, որում հստակ մեսիջ է ուղարկում, ասում է քաղաքական կուսակցություններին՝ զգույշ եղեք կաշառք բաժանելուց։ Դա բնականաբար իշխանականներին է վերաբերվում։ Ե՛վ Եվրոպական Միությունը, և՛ ԱՄՆ-ն ավելի ակտիվ են, ուշադիր հետևում են, մասնավորապես մի քանի հազար տեղական դիտրոդներ են պատրաստում ընտրությունների վերահսկման համար, նաև շուրջ 300 միջազգային դիտորդներ են լինելու, որոնք կարող են արձանագրել խախտումները։ Իշխանությունները պետք է զգուշանան, որ իրենց գլխին ամպեր են կուտակվում և այս գործընթացը շարունակելու դեպքում կարող են շատ վատ արձագանքներ լինել»։ ՀԱԿ քարտուղարի խոսքով՝ մասսայական են կաշառքի խոսումները, մարդկանց անձնագրերի պատճեները հավաքելը, մարդկանց ահաբեկելը, աշխատանքի ազատելու սպառնալիքները․ «Նորից ի հայտ են եկել բակերում պտտվող թաղի տղերքը։ Ես Արաբկիրում եմ դա տեսնում։ Հայտնվում են փող բաժանողները՝ բրիգադիրները, որոնք ունեն ցանց՝ ամեն շենքում և փողոցում իրենց կադրեն ունեն»։

Մանուկյանը նաև նկատում է․ «Մի բան ակնհայտ է և դրսևորվեց հանրաքվեի ժամանակ․ եթե քաղաքացիները չեն կարողանում գումարը չվերցնել, ասում են՝ այո, բայց գնում քվեարկում են ոչ։ Սա լավագույն միջոցն է այդ ճնշումներից զերծ մնալու համար։ Երևանում, մեծ քաղաքներում, դա հստակ աշխատեց, մի քիչ դժվար է հեռավոր գյուղական վայրերում»։ Անդրադառնալով տարածքային՝ ռեյտինգային ցուցակով առաջադրված իշխանական թեկնածուների միջև տարաձայնություններին, Մանուկյանը նշեց․ «Ծեծկռտուքի են հասել, տարածքներ են բաժանում, իրար ահաբեկող մեսիջներ են ուղարկում։ Այս առումով մեզ համար շահեկան վիճակ է, քանի որ մենք թիմով ենք հանդես գալիս»։

 

Լրահոս

Դիտել ավելին