Կարևոր իրադարձություններ

Ո՞վ «կործանել Արմենիա». Կոմունիստները, ՀՀՇ-ականները, քոչարյանականները, թե սերժականները. «Առավոտ»

01 Մարտ, 2017 10:23
Ո՞վ «կործանել Արմենիա». Կոմունիստները, ՀՀՇ-ականները, քոչարյանականները, թե սերժականները. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ: Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է: Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները: Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը: Որովհետեւ՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ, դրա հատակին, ապա ո՞վ գիտի՝ այնպես կվնասվեր, որ «խադավոյը» ընդհանրապես հնարավոր չէր լինի սարքել: Իսկ «անդունդի եզրին» դեռ հույս կա, որ հետ կգնա դեպի մայրուղի, դեպի հեքիաթային եւ մրգաշատ այգիներ, որտեղ պտուղներն իրենք են ընկնում քո բերանը:

Քանի որ երկիրը «անդունդի եզրին» է, ապա կան հրեշտակներ եւ հերոսներ, որոնք թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի բուն անդունդում: Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ է, քանի որ 25 տարի նման վիճակում գտնվելով՝ երկիրը վերջին, ճակատագրական կեսքայլը չի անում:

Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք, որոնք անցյալում իշխանության ղեկին էին, համաձայն չեն, որ իրենց ժամանակ երկիրն անդունդի եզրին էր: Կումունիստներն, օրինակ, վստահ են, որ իրենց իշխանության օրոք երկիրը անդունդի եզրին չէր, բայց ՀՀՇ-ականները 1990-91 թվականներին բոլորովին այլ կարծիքի էին: Մյուս կողմից՝ այն ՀՀՇ-ականները, որոնք 1998 թվականից հետո դարձան քոչարյանականներ, վստահ են, որ հենց ՀՀՇ-ականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին: Այսինքն՝ երկիրն ինչ-որ այլ տեղ էր, իսկ ՀՀՇ-ականները վերցրին ղեկը եւ քշեցին ուղիղ դեպի անդունդ: Բայց իրենք՝ ՀՀՇ-ականները, համոզված են, որ բոլորովին այլ տեղ են քշել` «այդ դո՛ւք կործանել Արմենիա», այսինքն՝ հենց քոչարյանականներն են երկիրը հասցրել անդունդի եզրին:

Չերկարացնեմ՝ նորագույն պատմությունն անցել է բոլորիս աչքի առաջ: Մենք հասանք այն պահին, երբ ընդդիմադիրները, այդ թվում՝ քոչարյանականները, մեղադրում են ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, որ նրանք են հասցրել Հայաստանն անդունդի եզրին: Դարձյալ՝ եթե «հասցրել են», ուրեմն մինչեւ 2008 թվականը երկիրն այլ տեղ էր՝ ոչ անդունդի եզրին:

Լսեք մոտակա մեկ ամսվա ընթացքում ընտրություններին մասնակցող 9 միավորներից 7-ի ելույթները եւ վստահ եղեք՝ դրանց բոլոր ներկայացուցիչները գրեթե պարտադիր կիրառելու են «անդունդի եզրի» կերպարը: Երեւի կարծում են, որ այդ այլաբանությունն ընտրողներին դուր է գալիս:

Ովքեր մազոխիստական հաճույք են ստանում այդ «էքստրիմից» (25 տարի անդունդի եզրին ապրելու պատրանքից), նրանց դժվար թե կարողանամ համոզել: Բայց ճշմարտությունն այն է, որ Հայաստանում իրավիճակը 25 տարի է՝ ծանր է, եւ դա 50 տոկոսով բացատրվում է նրանով, որ մեր երկու հարեւանները չեն ցանկանում, որ Հայաստան պետություն ընդհանրապես գոյություն ունենա: Այնպես որ՝ երանելի, կատարելապես անվտանգ եւ բարգավաճ պայմաններում մենք երբեք չենք ապրի: Մյուս 50 տոկոսի պատճառը, իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է: Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձեւավորում: Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին