Կարևոր իրադարձություններ

Ինչ պետք է իմանա քվեարկության գնացող ընտրողը. «Ժողովուրդ»

01 Մարտ, 2017 09:56
Ինչ պետք է իմանա քվեարկության գնացող ընտրողը.  «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն հանրության մեծ մասը տեղյակ չէ ընտրության կարգում կատարված փոփոխությունների մասին: Մասնավորապես ՀՀ քաղաքացիների զգալի մասը չգիտի, թե ինչպես պետք է քվեարկել, ինչպես տեղադրել քվեաթերթիկը, որ դեպքում է այն համարվելու անվավեր եւ այլն: Իրականում ընտրության կարգում էական փոփոխություններ են կատարվել, որոնք ընտրողների համար դժվարացնելու են ողջ գործընթացը, քանի որ այժմ ընտրողը քվեարկելու համար մի քանի փուլ է անցնելու: Փորձենք հակիրճ ներկայացնել, թե ինչպես պետք է քվեարկի ընտրողը:
 
Ինչպես հայտնի է` ընտրատեղամասերում դրված են լինելու սարքավորումներ, որոնց մեջ պարունակվելու են տվյալներ այդ ընտրատարածքի ընտրողների մասին: Ընտրողը, մտնելով ընտրատեղամաս, սարքավորման մոտ նստած անձին ներկայացնելու է իր անձը հաստատող փաստաթղթերից որեւէ մեկը, որը ներմուծվելու է սարքի մեջ: Սարքավորումն առաջին հերթին պարզում է` անձը տվյալ ընտրատեղամասի ընտրող է, թե ոչ: Եթե անձը տվյալ ընտրատեղամասի ընտրող չէ, ապա սարքը տալիս է դեղին ազդանշան, եւ ընտրողին դուրս են հրավիրում ընտրատեղամասից` բացատրելով, որ ինքը այլ ընտրատեղամասում պետք է կատարի իր ընտրությունը: Այնուհետեւ ստուգվելու է` այդ ընտրողն իր անձը հաստատող որեւէ փաստաթղթով ընտրություններին մասնակցել է, թե ոչ: Իսկ եթե ընտրողն արդեն մասնակցել է քվեարկության, ապա սարքը կարմիր ազդանշան է տալու, եւ հրավիրվելու է ոստիկանության համապատասխան աշխատակիցը:
 
Եթե ընտրողն առաջին անգամ է մտնում ընտրատեղամաս եւ հենց այդ ընտրատեղամասի ընտրող է, ապա սարքը կանաչ ազդանշան է տալու: Դրանից հետո ընտրողը թողնելու է իր մատնահետքը, եւ սարքը տպագրելու է կտրոն: Տեղամասում գործելու է նաեւ թղթային տարբերակով ընտրողների ցուցակ: Ընտրողը, վերցնելով իր կտրոնը, պետք է մոտենա այդ ցուցակին, որտեղ իր անվան դիմաց պետք է ստորագրի, ապա միայն դրանից հետո ստանա քվեաթերթիկ եւ հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
 
Ընդգծենք, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ուժ ունենալու է իր քվեաթերթիկը: Տվյալ դեպքում դրանց թիվը 9 է լինելու: Գալով ընտրատեղամաս՝ ընտրողը պետք է ստանա բոլոր ուժերի քվեաթերթիկները: Յուրաքանչյուր ուժ արդեն ունի իր համարը, որը լինելու է նշված քվեաթերթիկի մեկ կողմում: Այդ նույն կողմում նշվելու են նաեւ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները: Արդեն քվեաթերթիկի հակառակ կողմում նշված են լինելու տարածքային ընտրական ցուցակում տվյալ տարածքի թեկնածուների անունները` համապատասխան վանդակներով, որտեղ կարելի է համապատասխան նշան կատարել: Քվեաթերթիկի առաջին կողմում, որտեղ գրված են կուսակցության անվանումը եւ երեք անձանց անունները, որեւէ նշում չպետք է արվի: Քվեախցում ընտրողը տվյալ թերթիկներից ընտրում է այն ուժին, որին կողմ է, այնուհետեւ, եթե ցանկանում է ընտրել նաեւ տարածքային ցուցակում ընդգրկված անձանցից որեւէ մեկին, ապա մյուս կողմում կատարում է համապատասխան նշում:
 
Ընդգծենք, որ յուրաքանչյուր ընտրող պետք է տարածքային ցուցակից ընտրի ընդամենը մեկ թեկնածուի, հակառակ կողմում համապատասխան քվե կստանա միայն կուսակցությունը: Եթե տարածքային որեւէ թեկնածուի ձայն չի տրվում, ապա քվեն կրկին կուսակցությունն է ստանում:
 
Ընտրությունը կատարելուց հետո ընտրողը պետք է առանց քվեաթերթիկը ծալելու տեղադրի ծրարի մեջ: Ուշադրություն պետք է դարձնել, որ ծրարը չծալվի, քանի որ ծրարն անկյունային հատվածում ունենալու է կտրվածք, եւ քվեաթերթիկից մի փոքր հատված դուրս է մնալու: Համապատասխան քվեաթերթիկն ընտրելուց եւ ծրարի մեջ տեղադրելուց հետո մյուս քվեաթերթիկները պետք է նետել առանձին արկղի մեջ, ապա ծրարով եւ կտրոնով մոտենալ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին: Շատ կարեւոր է, որ ընտրողները չմոռանան կտրոնը: Հանձնաժողովի համապատասխան անդամը պետք է կնքի կտրոնը եւ պահի մյուս կտրոնների հետ: Ծրարից երեւացող քվեաթերթիկի հատվածի վրա հանձնաժողովի անդամը փակցնում է դրոշմանիշ եւ դրանից հետո միայն թույլ տալիս, որ ծրարը գցվի քվեատուփի մեջ:
 
Նշենք, որ քվեաթերթիկների հաշվարկին մասնակցելու են միայն դրոշմանիշ ունեցողները, մյուսները համարվելու են անվավեր: Անվավեր են ճանաչվելու նաեւ այն քվեաթերթիկները, որոնք պարունակելու են ավելորդ գրառումներ: Հաշվարկի գործընթացը եւս բավականին բարդ է: Առաջին հերթին հաշվարկվում են կուսակցությունների ստացած ձայները: Դրանից հետո յուրաքանչյուր կուսակցության համար հաշվարկվելու է, թե որքան ձայն են ստացել տարածքային թեկնածուները: Հաշվարկը եւս մի քանի փուլով է իրականացվելու:
 
Նախ հաշվարկվում են ուժերի ստացած ձայներն ամբողջ հանրապետությունով: Ապա որոշովում է, թե որ ուժերն են հաղթահարել նվազագույն շեմը, որը կուսակցությունների համար 5 տոկոսն է, դաշինքների համար` 7: Դրանից հետո հաշվարկի հիմքով որոշվում է յուրաքանչյուր կուսակցության մանդատների թիվը, ինչից հետո էլ մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը` տարածքային: Եթե ստացած մանդատների թիվը կենտ է, օրինակ` 7, ապա 4 մանդատ ստանում են համապետական ցուցակի թեկնածուները, 3՝ տարածքային: Ըստ 13 տարածքի՝ յուրաքանչյուրում ստացած ձայների հաշվարկով որոշվում է, թե յուրաքանչյուր տարածքում քանի մանդատ է ստանում տվյալ կուսակցությունը: Արդեն հաշվարկի արդյունքում հնարավոր են դեպքեր, որ ուժը ունենա 1, 2 թեկնածու կամ չունենա: Հետաքրքիրն այն է, որ մեկ ընտրատարածքից կարող են ընտրվել մի քանի կուսակցությունների ռեյտինգային թեկնածուներ: Ստացվում է, որ թեկնածուներն ավելի շատ պայքարելու են նույն կուսակցությունում ընդգրկված թեկնածուների, այլ ոչ թե մրցակից ուժերի թեկնածուների դեմ, եւ հենց դա էլ կարող ենք համարել ներկուսակցական պայքարի գլխավոր պատճառ:
 
Այս ամբողջ խճճված ընթացակարգի պարագայում մնում է միայն հուսալ, որ ընտրատեղամասերում խառնաշփոթ չի տիրի, եւ կհաջողվի ընտրություններն անցկացնել անհրաժեշտ վերահսկողության ներքո:
 
 

Լրահոս

Դիտել ավելին