Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները․ փետրվարի 28

28 Փետրվար, 2017 19:10
Օրվա կարևոր իրադարձությունները․ փետրվարի 28

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները․

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: 

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային Ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվեց Լևոն Յոլյանը։ Լրագրողների հետ զրույցում Յոլյանը խոստացավ իր նոր պաշտոնում պատասխանատու աշխատանք իրականացնել։ Նա նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում բավականին բարձրացել է Վերահսկիչ պալատի անկախությունը․ «Բոլոր հնարավորությունները կան՝ կայացնելու համար Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ, բարձրագույն վերահսկիչ մարմին Հայաստանում: Փաստաթղթերի որակը միանշանակ պետք է բարձրացնենք, ստուգումների հիմնավորումը և խորությունը պետք է ապահովենք, իսկ հանրությունն ինքը կարող է եզրակցություններ անել»,- ասաց ՎՊ նորընտիր նախագահը։ 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ռեյտիգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր կողմնակիցների մասնակցությամբ ծեծի վերաբերյալ լուրերին։   Նա  հորդորեց առաջնորդվել իր ֆեյսբուքյան գրառումով, որով, ինչպես նա նշեց, պարզաբանում է միջադեպի հետ կապված լուրերը․ «Ես սադրանքների չեմ տրվում, ֆեյսբուքյան գրառում պարզաբանում է»,- ասաց նա։ Առաքելյանը նշեց․ «Եթե շատ եք հետաքրքված սպասեք առաջիկա 1-2 օրվում ամեն ինչ կիմանանք։ Ոչ մի միջադեպ չի եղել... Ծեծկռտուք, քաշքշուք նման բաներ արել եմ 15 տարի առաջ, երբ մարզիկ էի, երբ ռինգի մեջ եմ եղել»։

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղում՝ իր տանը, կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին, որը մտադիր է եղել քվեարկել Դաշնակցության օգտին։ 

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։ Արցախի արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա): 

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ելույթ է ունեցել, որում անդրդարձել է նաև Արցախյան հիմնախնդրին։ «Համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար»,- ասել է նա։   

 

Լրահոս

Դիտել ավելին