Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 27

27 Փետրվար, 2017 18:51
Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 27

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:  Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը: 

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Հիշեցնենք, որ Փոստանջյանը իր` «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին հայտնել էր փետրվարի 20-ին: 

Ազգային ժողովի նիստում քննարկվեց է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու հարցը: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է այդ պաշտոնում նշանակել Լևոն Յոլյանին:  

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողներ հետ զրույցում անդրադառնալով իր հարսի կողմից ընտրողների ձայներ հավաքագրելու դեպքին, նշեց․ «Զանգողը զանգահարել է աշխատանքի պահին, ոչ թե ինքն է զանգահարել, այլ իրեն են զանգել։ Էդտեղ որևէ խնդիր չկա։ Աշխատանքային ժամին քարոզչություն չի կատարվել»։

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1997 թ. ծնված, Երևանի բնակիչ Կառլեն Գրիգորյանի սպանության հանգամանքները։

2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Կ. Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ։

Դեպքի  վայրի զննությամբ՝ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ:  Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա մի բնակիչ։  Վերջինս հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։ Կ. Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Նախաքննությունը շարունակվում է: 

 

Լրահոս

Դիտել ավելին