Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենաուժեղ «ՈՉ»-երը. TOP 10

28 Նոյեմբեր, 2015 13:26
Հայաստանի ամենաուժեղ «ՈՉ»-երը. TOP 10

Սահմանադրական փոփոխությունների մրցավազքն ավարտվում է, և արդեն ակնհայտ է, թե ովքեր ամենաարդյունավետն ընդդիմացան ու ամենամեծ վնասը հասցրին իշխանական այս նախագծին: Եվ այսպես.

 

10.Անդրեաս Ղուկասյան

Չնայած, որ գեներալ Սարոյանը գտնում էր, որ նույնիսկ նրա ընտանիքի անդամները չեն քվեարկի իր օգտին` նա կարողացավ հավասարը հավասարի կանգնել այս տասնյակի ամենաազդեցիկ գործիչների կողքին: Բացի այդ, նա դարձավ քաղաքացիական անհնազանդություն քարոզող և ուսուցանող տեսահոլովակի հիմնական դերակատարը:  

 9.   Վիլեն Գայֆեջյան

Չլինելով քաղաքական գործիչ՝ այս հայհոյախոս հաղորդավարը դարձավ քաղաքական ու փողոցային ամենադաժան քննադատության սուր գործիքը: Իր հաղորդման նոր եթերաշրջանի բացմամբ նա պայթեցրեց համացանցը և այդ եթերաշրջանում փայլեց սահմանադրության նախագիծը մերժելու կրեատիվ լուծումներով, որոնք տոգորված էին հանրային ենթագիտակցությանն ուղղված արնախառը բռնությամբ:

 

8.   Հմայակ Հովհաննիսյան

Իշխանական ճամբարում նրան արդեն դուրս էին գրել քաղաքական շրջանառությունից, իսկ նա հառնեց մի նոր ճամբարում` որպես արդյունավետ և կենսունակ ընդդիմադիր: Տարբեր ուժերին միմյանց հետ պարբերաբար միավորող այս քաղաքագետն էական դերակատարում ստանձնեց «ՈՉ»-ի ամենառադիկալ շտաբը ձևավորելու և իշխանության նյարդերը լարելու գործում: 

 

7.   Հայկ Ալումյան

Փաստաբանների մի խումբ ակտիվ պայքար սկսեց սահմանադրական փոփոխությունների դեմ, իսկ նա դարձավ այդ խմբի ամենաազդեցիկ քարոզիչը: Նրա խոսքն այնքան հասկանալի է ու փաստարկված, որ «ԱՅՈ»-ի թևի ոչ մի իրավաբան չի հանդգնում մենամարտել նրա հետ:  Բուդաղյանների գործով լայնորեն ճանաչված ու հարգված փաստաբանն ամենաէական վնասը հասցրեց «ԱՅՈ»-ի մասնագիտական գործին: 

 

6.   Արշակ Մուսախանյան

«Չեք անցկացնի», «ՈՉ» և մի շարք այլ քաղաքացիական շարժումների կիրթ ու ստեղծագործ, նոր ու ազնիվ մերօրյա հերոսները բազմաթիվ են: Նրանք դժվարությամբ են զանազանվում իրենց ընկերախմբից և ճանաչվում ավելի լայն զանգվածների կողմից: Հենց այս երիտասարդ գործիչն է մեր այս տասնյակում մարմնավորում ողջ այդ երիտասարդությունը, քանի որ վերջին հանրահավաքում նա ամենից հաջողն ու տպավորիչը կարողացավ ներկայացնել իր ողջ թիմի տեսակետը:

 

 5.   Րաֆֆի Հովհաննիսյան

Չնայած նա քարոզարշավի մեծ մասն անցկացրեց ԱՄՆ-ում, բայց վերադարձին պես կարողացավ իր անուշ ու խարիզմատիկ անձով ոգեշնչել բազմաթիվ «ՈՉ»-ականների: Էականորեն նպաստելով «ՈՉ»-ի շարժման քարոզարշավին ու հանրահավաքներին` նա այստեղ վերագտավ իր բարձր դիրքը: Նա Զարուհուն և Արմենին  նվիրաբերեց «Նոր Հայաստանին» և դարձավ այս տասնյակի պատվավոր անդամը:

 

  

4.   Լևոն  Զուրաբյան

 

ՀԱԿ-ի ամենատպավորիչ հռետորն իր մի շարք խորհրդարանական և հանրահավաքային ելույթներով կարողացավ իր ողջ թիմի խոսքը տեղ հասցնել հանրությանը: Նա այս տեղեկատվական պատերազմում հանդես եկավ որպես հմուտ գեներալ և ստվերում թողեց իր շտաբի մյուս աքսակալներին: Նրա գործին ու քաղաքական կշռին դարձյալ մեծապես օգնեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ով օրերս հրապարակած իր հոդվածով և այնտեղ հնչեցրած աշխարհաքաղաքական փաստարկներով «ՈՉ»-ի բարի առաջարկ հղեց «ԱՅՈ»-ի փորձառու նախաձեռնողին:

 3.   Արմեն Մարտիրոսյան

Իր մեծագույն աշխատասիրությամբ և մաքուր կենսագրությամբ  նա կարողացավ ազդեցիկ «ՈՉ»-ի քարոզ իրականացնել Երևանում և մարզերում` դրանով իսկ բարձրագույն դիրքեր զբաղեցնելով իշխանության ամենաարդյունավետ թշնամիների շարքում: Աշոտյանի ապաշնորհ քարոզչական հաղորդման առաջին ու միակ զոհը լինելն էլ ավելի ընդգծեց նրա տրամաբանված և ազեցիկ խոսքն ու գործը:

 

2.   Զարուհի Փոստանջյան

Նա այնպիսի հրավառություններ կազմակերպեց Ազգային Ժողովում, որ կարողացավ  ծայրահեղ մերժողական հույզեր առաջացնել հանրության չկողմնորոշված զանգվածի շրջանում: Նրան այդպես էլ չկարողացան լռեցնել խորհրդարանում վատ աշխատող մի քանի հանրապետականների թույլ հակադարձումները: Բազմաթիվ ակնհայտ հակափաստարկների փոխարեն նրան սեքսիստական կեղտոտ հարձակումների ենթարկեցին և դեղեր առաջարկեցին:

 

1.   Ժիրայր Սեֆիլյան

Նա այս տասնյակի առաջատարն է դարձել՝ ղեկավարելով «ՈՉ»-ի ամենառադիկալ շտաբը: Նրա մինչհանրաքվեական հանրահավաքը դարձյալ նյարդայնություն է առաջացրել իշխանական շտաբում: Նա ու իր մերձավորները ոչ միայն ագրեսիվորեն քարոզում են ընդդեմ սահմանադրական նախագծի, այլև բացասական տրամադրված զանգվածի մոտ իշխանական նախագծի տապալման որոշակի հավատ են առաջացնում: Ի տարբերություն «ՈՉ»-ի մյուս շտաբի, նրա նկատմամբ հանրության բողոքավոր զանգվածի ակնկալիքները դեռևս շատ բարձր են:

 

Խոսելով «ՈՉ»-ի դիրքերից`իրականում մեծապես օգնեցին «ԱՅՈ»-ի քարոզարշավին Հրանտ Բագրատյանը (իշխանականների հետ կիթառ նվագելով բազմաթիվ խելոք մտքեր արտահայտեց),  Վաղինակ Շուշանյանը (Հրայր Թովմասյանի հետ զավեշտալի ֆուտբոլ խաղալով բոլորին ապացուցեց, թե նա ում պրոեկտն է եղել ու մնացել), Արմեն Մկրտչյանը («ԱՅՈ»-ի առանձին քարոզիչների հետ նույն ընդդիմադիր տեքստերը ասելով նրանցից գրեթե չտարբերվեց), Գագիկ Ջհանգիրյանը (իր իրավաբանական գիտելիքներն ու հռետորական արվեստը թաղելով՝ այդպես էլ ոչինչ չարեց «ՈՉ»-ի համար):

 

Հանրաքվեն ցույց կտա, թե որքանով էր արդյունավետ «ՈՉ»-ի այս տասնյակը, իսկ մինչ այդ մեծ խաղի ընթացքը շարունակվում է: Ամեն ինչ առջևում է:


Շաբաթիթղթակցակազմիևիրդիտարկումներըամփոփեցուներկայացրեց
ՏիգրանԳալստյանը

 

 

Լրահոս

Դիտել ավելին