Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 25

25 Փետրվար, 2017 18:55
Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 25

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.

Այսօր՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:

ԱՀ ՊՆ ադրբեջանական ագրեսիայի մասին վկայող տեսանյութ է հրապարակել:

«Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները»,­-այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը։

ՀՀ ԱԳՆ նաև հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։ Կրկին միջազգային հանրության, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սթափեցնելու, իրականության դաշտ բերելու խիստ անհրաժեշտության վրա»։   

Այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Օհանյան – Րաֆֆի - Օսկանյան դաշինքի համագումարը: Ելույթներով հանդես եկան Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ներկա չէր համագումարին, տեսաուղերձով դիմեց գործընկերներին: Գործիչները խոսեցին Հայաստանի առջև տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների, դրանց լուծման շուրջ դաշինքի տեսլականի մասին:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ հարցերի հարցը մնում է Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

ՀՀԿ գլխավոր գրասենյակում այսօր տեղի ունեցավ տարածքային թեկնածուների և Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հարցին, թե հատուկ անդրադարձել են Մասիսում  ՀՀԿ-ական թեկնածուների միջև գրանցված միջադեպին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Առանձին անդրադարձ չի եղել, ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն: Թիմը պետք է լինի հաշտ և համերաշխ և ոչ միայն պետք է պատասխանատվություն կրի իր համար, այլև նպաստի, որ ընտրությունները լինեն մեր և միջազգային հանրության համար ընկալելի»: 

 

Լրահոս

Դիտել ավելին