Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ մասին խոսեցին իրենց ելույթներում Օսկանյանը, Օհանյանը և Հովհաննիսյանը

25 Փետրվար, 2017 18:17
Ինչի՞ մասին խոսեցին իրենց ելույթներում Օսկանյանը, Օհանյանը և Հովհաննիսյանը

Այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Օհանյան – Րաֆֆի - Օսկանյան դաշինքի համագումարը: Ելույթներով հանդես եկան Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ներկա չէր համագումարին, տեսաուղերձով դիմեց գործընկերներին:

«Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանն իր ելութում նշեց, որ նվիրված է հայրենքին և ազնիվ աշխատել է պետական համակարգում. «Ծառայել եմ երկրին, ոչ թե մարդուն»,- ասաց նա: «Ես երկու տասնամյակ եղել եմ իշխանության մեջ, որպես անհատ, իհարկե ես իմ թերություններն ունեմ, բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում։ Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, ինձ առաջարկվել են բարձարգույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից… Իմ երկու գործընկերները՝ Օհանյանը և Հովհաննիսյանը տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով արել են նույնը։ Մենք երեքով ժողովրդավարներ ենք մեր էությամբ և ազատության արժեքների կրողներն ենք»,- նշեց Օսկանյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ բավականին երկար ելույթով, որում ներկայացրեց դաշինքի տեսլականը՝ ամենատարբեր ոլորտների վերաբերյալ:

Անդրադառնալով իր՝ քաղաքաակնություն մուտք գործելուն, նա ևս ընդգծեց, որ իրեն առաջարկվել են բարձր պաշտոններ, սակայն ինքը հրաժարվել է. «Ես երբեք պաշտոնակռիվ չեմ արել, չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են տարբեր բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել եմ: Իմ կյանքի ամենաբարձր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ խրամատում առաջին գիծ մարտնչելն էր՝ զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին, հետագայում ևս երբեք չեմ հանել իմ զինվորական համազգեստը: Քաղաքականության մեջ խոստանում եմ՝ սպային վայել արժանապատիվ ու հավասարակշիռ կեցվածքով շարունակել ծառայել ՀՀ-ին ու Արցախին: Իմ ու գործող իշխանությունների հարաբերությունների մասին կարող եմ ասել, որ որևէ մեկի հետ ես անձնական խնդիր չունեմ: Սակայն այսօր ես ինձ այլևս չեմ տեսնում գործող իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեր մոտեցումները տարբեր են, մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մթնոլորտ ժողովրդի մեջ»:

Օսկանյանը նշեց, որ դաշինքը կարող է արդարության և իրավահավասարության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և տնտեսության զարգացման ոլորտներում շատ արագ էական առաջընթաց գրանցել: Արտաքին գործերի նախկին նախարաը նշեց, որ շեշտը դնելու են սոցիալ-տնտեսական զարգացման վրա՝ աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի և այլն:

Օսկանյանը գործող իշխանություններին մեղադրեց անգործության մեջ, նշեց, որ նրանք չունեն տեսլական և նրանց նպատակն են պաշտոնը, փողը և ինքնահարստացումը: «Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է», - ասաց Օսկանյանը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր տեսաուղերձում նշեց, որ դրվում է մեծ պայքարի սկիզբ, որը փաստելու է, որ ողջ հայության հաղթանակը միասնության մեջ է: Նա հավելեց, որ գործնական հանդիպումներից հետո կվերադառնա և կմիանա դաշինքի աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին