Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 24

24 Փետրվար, 2017 18:56
Օրվա կարևոր իրադարձությունները. փետրվարի 24

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները.

Այսօր՝ փետրվարի 24-ին ավարտվեդց վարչապետ Կարեն կարապետյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը: Կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ և նշել, որ այն գնահատում է առարկայական, կառուցողական, ջերմ և բովանդակալից: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարաբերություններին:

«Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է այցի արդյունքներից և այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգևորում է և պարտավորեցնում»,- նշել է Կարապետյանը: 

Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:

«Շատ ճիշտ էր, որ այդ հանդիպումը եղավ: Պատերազմ էր… Տեր Պետրոսյանը, 2008թ.-ին, երբ փողոցում պայքար էր ընթանում, հայտարարեց, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, ինքը առաջինը մի կողմ կդնի քաղաքական տարաձայնությունները իշխանության հետ, որպեսզի ռազմական ագրեսիայի հակահարված տրվի, կոչ կանի միավորվելու: Ապրիլի 2-ին էլ այս մասին հայտարարել է»: Այս մասին լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե մեկ տարի, քաղաքականության մեջ ամեն ինչ փոխվել է, Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ է ունեցել:

Հարցին, թե տոկոսների վերաբերյալ իշխանության հետ պայմանավորվածություն եղե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Փոխանակ ուրախանաք, որ նման հարաբերություններ կան լիդերների մեջ, որոնք ուղղված են ազգային անվտանգության ամրապնդմանը… տոկոսների ի՞նչ պայմանավորվածություն կարող է լինել»: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 24-ին, արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվածների գրանցումը մերժելու մասին դիմումը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ նման դիմում ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանը, Կարեն Ստեփանյանը և Հասմիկ Քոլանջյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նրան ռաջադրվել է նաև մեղադրանք՝ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածով:

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն՝ անդրադառնալով հրապարակումներին, թե վարչական շրջանների ղեկավարներն իրենց լծակներն օգտագործում են քարոզչական նպատակներով, ՀՀԿ-ին ձայն բերելու համար, ասել է. «Դեռ քարոզարշավը չի սկսվել: Մենք պետք է փաստերով խոսենք, շատ բան են խոսում, ես էլ շատ բաներ լսում եմ այլ կուսակցությունների հետ կապված»:

Խոսելով թիվ 1 ընտրատարածքի մասին Երևանի քաղաքապետը նշել է. «Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակից 12 թեկնածուներ են մասնակցում ընտրություններին, ՀՀԿ-ն 12-ին էլ պաշտպանում է։ Հանրապետականները իրար դեմ չեն մրցում և մամուլում քննարկվող Սարգսյան Ռոբերտին և Պողոսյան Միհրանին մրցակցություն վերագրելուն կողմնակից չեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին