Կարևոր իրադարձություններ

Սառցակալած Սևանը դարձել է սիրողական ձկնորսների համար զբաղմունքի վայր. մարդիկ գործ ունեն ռիսկի հետ

23 Փետրվար, 2017 19:53
Սառցակալած Սևանը դարձել է սիրողական ձկնորսների համար զբաղմունքի վայր. մարդիկ գործ ունեն ռիսկի հետ

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջովին սառցակալած Սեւանը դարձել է սիրողական ձկնորսության վայր ամենատարբեր համայնքների տասնյակ բնակիչների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի ափամերձ որոշ համայնքների ղեկավարներ, լճի ափերին մոտիկ եւ մինչեւ մի քանի կիլոմետր խորությամբ ձեւավորված սառույցի շերտը հասնում  է 20-25 սանտիմետրի, ինչը որոշակիորեն անվտանգ է դարձնում ոտքով սառույցի շերտի վրա բարձրանալը եւ լճի վրա զբոսնելը, ինչպես նաեւ՝ սիրողական ձկնորսությամբ զբաղվելը: «Մեր համայնքից սիրողական ձկնորսության են դուրս գալիս մի քանի տղամարդ, օրական մի քանի ձուկ են կարողանում  որսալ՝ սառույցի շերտը ծակելով: Հիմնականում օրվա սննդի հարց են լուծում»,- նշեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ սառցակալած Սեւանի վրա սիրողական ձկնորսությամբ զբաղվում են հիմնականում Սեւանի ափամերձ համայնքների այն բնակիչները, ովքեր տարիների փորձ ունեն, իսկ ահա մայրաքաղաքից եւ Հայաստանի այլ մարզերից սիրողական ձկնորսության համար այս օրերին Սեւանի ափ չեն գալիս:

Վարչության պետը Սեւանի սառցակալման ընթացքում սիրողական ձկնորսությունը համարում է ոչ այնքան անվտանգ: «Ամեն դեպքում մարդիկ գործ ունեն ռիսկի հետ, քանի որ Սեւանի տակ տաք աղբյուրներ կան, որոնց ազդեցությամբ սառույցի շերտը կարող է բարակել ու ջարդվել: Նույնը կարող է լինել նաեւ անակնկալ տաք քամիների դեպքում: Դրա համար էլ հարկավոր է զգույշ լինել եւ մի քանի ձկան համար չգայթակղվել, կյանքը վտանգի չենթարկել»,- նշեց Համբարձում Համբարձումյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին