Կարևոր իրադարձություններ

Կիրականացվեն ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր

23 Փետրվար, 2017 15:20
Կիրականացվեն ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի էնդ Սայնս դայնամիքս» ընկերության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին: Այն կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտի մրցունակության զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: 

Պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա նախատեսվում է իրականացնել լայնածավալ զարգացման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծմանը, ֆինանսական գործիքների ներդրմանը, ձեռներեցության խթանմանը, կարողությունների զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը, տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանը և օտարերկրյա ներդրումների խթանմանը: Նախատեսվում է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: 

Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման և խթանման ապահովման նպատակով պետության և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ: 

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն ԱՄն դոլարի ներդրում:

 

Լրահոս

Դիտել ավելին