Կարևոր իրադարձություններ

Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

23 Փետրվար, 2017 11:38
Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերին:

 Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարևորել է երկու երկրների միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության ամրապնդումը:

 Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

 Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի արտադրությամբ զբաղվող գործարաններ և գինու թանգարան:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվոթյան և 
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին