Կարևոր իրադարձություններ

«Նոր Հայաստան» փրկության ճակատը ներկայացրեց իր անելիքները

12 Հոկտեմբեր, 2015 15:01
«Նոր Հայաստան» փրկության ճակատը ներկայացրեց իր անելիքները

Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր հրավիրված էր սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի ասուլիսը, որտեղ նախաձեռնողները լրագրողներին ներկայացրին իրենց անելիքները։


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախ տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէ միջոցառմանը, որովհետև ընտանեկան հարցեր էին առաջացել և նա Հայաստանից մեկնել է, սակայն ուղերձ է հղել:


Հայտարարելով, որ ճակատը պայքարելու է սահմանադրական փոփոխությունների դեմ, Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:


«Հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալման, ժողովրդի իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և պետության ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի մեջ, նկատի ունենալով, որ այս գործողությունների պատասխանատուն՝ կառավարող վարչախմբի հիմքը կազմող և հանցավոր համագործակցության վերածված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, սկսել է սահմանադրական փոփոխությունների միջոցով միակուսակցական կառավարման համակարգ հաստատելու և իր իշխանությունը հավերժացնելու արտահերթ գործընթաց, որը ձգտում է ամրագրել 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով, արձանագրելով, որ նման հեռանկարը կտրուկ կերպով կսրի երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները և կարճ ժամանակի ընթացքում կառաջացնի ֆինանսատնտեսական համակարգի փլուզում, ինչպես նաև ճակատագրական բնույթի ռազմաքաղաքական սպառնալիքներ, փաստելով, որ նման իրավիճակում ժողովրդի կամքի արտահայտումը հնարավոր է բացառապես գործող վարչախմբի վերահսկողությունից դուրս, ուստի Հայաստանում կամաարտահայտման իրական և լեգիտիմ ձև կարող է լինել ոչ թե վարչախմբի կազմակերպած հանրաքվեն, այլ փողոց դուրս եկած և մոբիլիզացված ժողովրդի քաղաքացիական անհնազանդությունը, նպատակ ունենալով ազատ և արդար արտահերթ ընտրություններով երկրում սահմանադրականության հաստատման, այդ թվում՝ ժողովրդի իշխանության և պետության ինքնիշխանության վերականգնման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման և անկախ դատարանի կայացման միջոցով նախադրյալներ ձևավորել աղետալի մարտահրավերներ առաջացրած համակարգային ճգնաժամի հաղթահարման և մարդու արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծման համար, նախատեսում է մոբիլիզացնել ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախումբը, կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը և ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն:


Ճակատը հայտարարում է, որ ձևավորել է որոշումների կայացման մարմին՝ Քաղաքական խորհուրդ և այդ որոշումների իրագործման մարմին՝ ընդդիմության միասնական շտաբ»:
Վերջում Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով:

 

Լրահոս

Դիտել ավելին