Կարևոր իրադարձություններ

Լիբանանում կայանալիք խորհրդանշական համերգներ

12 Հոկտեմբեր, 2015 14:59
Լիբանանում կայանալիք խորհրդանշական համերգներ

Այս անգամ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբը բոլոր ժամանակների հայկական սիրված երգերով կբաբախի Լիբանանի երկնակամարի ներքո:

Հաշված օրերից՝ հոկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին եւ նոյեմբերի 1-ին Բեյրութի Forum De Beyrouth սրահը կլցվի հայկական շնչով ու երաժշտությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ չորս համերգների ընթացքում սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբը կհնչեցնի խորհդանշական 100 ստեղծագործություն:

Համույթի՝ հատուկ լիբանանահայ հանդիսատեսի համար պատրաստած երգացանկը լի է ինչպես արդեն իսկ ԳՈՀԱՐ-ի մեկնաբանությամբ հնչեցված, այնպես էլ՝ դեռ չհնչեցված տասնյակ նոր հայկական սիրված ստեղծագործություններով: Վերջիններիս թվին են պատկանում այնպիսինները, ինչպիսիք են՝ «Դլե յաման»-ը, «Ամպեց կորավ»-ը, «Պարտեզում վարդեր բացված»-ը, «Բիթլիսի պաշարումը»-ը եւ այլն:

Այս համերգարշավին համույթի նվագախմբի ու երգչախմբի մասնակիցներին, ինչպես նաեւ պարուհիներին լրացնելու են հրավիրվել 16 մենակատարներ, այդ թվում՝ Արաքսյա Ամիրխանյանը, Արմեն Դավթյանը, Գրիգոր Աբրահամյանը, Գեւորգ Խաչատրյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդգար Դանիելյանը, Էլյա Թաշչյանը, Լիաննա Թեւոսյանը, Հասմիկ Թորոսյանը, Հայկ Տիգրանյանը, Մարգար Եղիազարյանը, Մերի Մնջոյանը, Մոնիկա Մանուչարովան, Սարգիս Աղամալյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Վարդան Բադալյանը:

Այս օրերին ԳՈՀԱՐ-ը մեծ ոգեւորությամբ պատրաստվում է առաջիկայում կայանալիք համերգներին, իսկ համույթի պատասխանատուներն ու խմբավարները ինչպես համերգներին ներկա հանդիսատեսին, այնպես էլ դրանց Հանրային հեռուստաընկերությամբ եւ առցանց հետեւողներին խոստանում են գոհարափայլ երեկոներ՝ լի հայ մշակույթի փառահեղ գլուխգործոցներով, քաղցրալեզու այբ, բեն, գիմով կերտված հրաշալի երգերով եւ Կիլիկիայի հայկական թագավորության հպարտությամբ ծածանվող դրոշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին