Կարևոր իրադարձություններ

Ներդրումային ծրագրի պատճառով Շիրակի մարզպետարանում կավելացվի փոխմարզպետի ևս մեկ հաստիք

22 Փետրվար, 2017 12:38
Ներդրումային ծրագրի պատճառով Շիրակի մարզպետարանում կավելացվի փոխմարզպետի ևս մեկ հաստիք

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված է փոխմարզպետի երրորդ հաստիք ավելացնել Խաչատուր Վարագյանի համար, քանի որ ՀՀԿ-ից նեղացած Վարագյանը ՀՅԴ-ին խոստացել է 10 հազար ձայն բերել ԱԺ ընտրությունների ժամանակ:

Shabat.am-ը Շիրակի մարզպետարանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանեն վարչապետի՝ օպտիմալացման մասին հանձնարարականների համատեքստում Շիրակում փոխմարզպետի երրորդ հաստիքի ավելացումը: Մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնից Արաքսյա Կիրակոսյանը նշեց. «Վարչապետի որոշումների համատեքստում մեկնաբանելու իրավասություն չունեմ: Կառուցվածքային փոփոխությունը հաստատված է, սակայն դեռ որոշումը չկա» :

Կիրակոսյանը հավելեց, որ նոր հաստիքի ավելացումը չի ենթադրում լրացուցիչ ծախս պետության կողմից, հետևաբար չի կարող ֆինանսական բեռ դառնալլ, իսկ նոր պաշտոնյան կվարձատրվի մարզպետարանի աշխատանքային բյուջեի գումարներից:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված հաստիքի ավելացումը, Կիրակոսյանը պատասխանեց.  «Երրորդ փոխմարզպետի հաստիքն ավելանում է, որովհետև աշխատանքներ ունենք կատարելու ներդրումային ծրագրերի մասով և մարզպետն  առաջարկ է արել, ինչն էլ ընդունել է վարչապետը»:

Նշենք, որ փոխմարզպետի պաշտոնում կնշանակվի Արթիկի նախկին ՀՀԿ–ական քաղաքապետը, ով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ ռեյտինգային ցուցակով:

Հիշեցենք, որ նա  Արթիկի ՀՀԿ–ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է: 

Լուսանկարում՝ Մխիթար Վարագյան

 

Լրահոս

Դիտել ավելին