Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ նախագահը ՌԴ պատվիրակների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցեր

21 Փետրվար, 2017 21:41
Արցախի ԱԺ նախագահը ՌԴ պատվիրակների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցեր

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-­ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գիտական, քաղաքական, հասարակական ու լրագրողական ոլորտների մի շարք ներկայացուցիչների, ովքեր դիտորդական առաքելությամբ մասնակցել են փետրվարի 20-­ին կայացած Սահամանդրության հանրաքվեին:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, նշել է, որ վերջին օրերին հնարավորություն է ունեցել հանդիպելու տարբեր երկրներից ժամանած դիտորդական խմբերի հետ և ուրախ է, որ բոլորը դրական են գնահատել Արցախում կազմակերպված հանրաքվեն:

«Ես, որպես միջազգային դիտորդ, մասնակցել եմ նաև 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին և շատ տպավորված էի ժողովրդավարության այն մակարդակով, որը դուք ունեք ձեր երկրում: Այս հանրաքվեով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք դա: Մի բան հստակ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես պետություն»,- ընդգծել է ԱՊՀ երկրների ինստիտուտների Եվրասիական ինտեգրման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը նկատել է, որ մարդիկ հանրաքվեին մասնակցում էին բարձր տրամադրությամբ և վստահ էին իրենց կատարած ընտրության և ազատ կամարտահայտության հարցում:

Անդրադառնալով Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին՝ հյուրերը նշել են, որ եղել են այն բնակավայրում, որտեղ Թալիշ գյուղի բնակիչները ապաստանել են ապրիլյան իրադարձություններից հետո, և զարմանալիորեն հիացել են, թե ինչպես են նրանք պատրաստակամություն հայտնում վերականգնել հարազատ գյուղը:

Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին